ՀՀ-ն պատրաստակամ է էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները. ԱԺ նախագահ
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Գոհունակությամբ արձանագրելով հանդիպման փաստը` կողմերը կարեւորել են նման ձեւաչափերի, ինչպես նաեւ երկու խորհրդարանների ղեկավարների միջեւ ոչ ֆորմալ շփումների անհրաժեշտության կարեւորությունը` երկկողմ օրակարգային հարցերին անհրաժեշտ լուծումներ տալու համար:
ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շեշտել է, որ ռազմաքաղաքական դաշինքում գտնվելը ենթադրում է վստահության հատուկ մակարդակ եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստը հնարավորություն կընձեռի հանգամանալի անդրադառնալու օրակարգային բոլոր հարցերին:
Վյաչեսլավ Վոլոդինը վերահաստատել է նաեւ Արարատ Միրզոյանին ուղղված իր հրավերը՝ մասնակցելու հուլիսի 1-2-ը ՌԴ ԴԺ Պետական դումայում կազմակերպված «Պառլամենտարիզմի զարգացումը» խորագրով միջազգային համաժողովին, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների խոսնակներ կքննարկեն պառլամենտարիզմի հետագա զարգացման հարցեր:
Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները, ինչին միանշանակորեն կնպաստեն խորհրդարանների ղեկավարների պարբերական շփումները:
Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է 2019թ. աշնանը Երեւանում հյուրընկալելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերը:
Այնուհետ անդրադարձ է կատարվել ՌԴ-ում բնակվող հայ համայնքին, որը մեծապես նպաստում է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: Կողմերը փաստել են, որ երկու ժողովուրդների առջեւ պատասխանատվությունը պետք է դրդի խորհրդարանականներին էլ ավելի ընդլայնելու երկկողմ հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը: