Եկեղեցին մտահոգված է ՀՀ-ում ստեղծված իրավիճակով. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել
Ծայրագույն պատրիարք եւ մենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Սիրելի հավատավոր զավակներ մեր,
Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:
Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները:
Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:
Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:
Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս», - ասված է ուղերձում:
Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում սկսել է դատարանների մուտքերի ու ելքերի արգելափական ակցիան: Մարդիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի գիշերը հնչած կոչով վաղ առավոտից արգելափակել են մի շարք դատարանների մուտքեր:
Հայաստանի ամբողջ տարածքում անցկացվող ակցիան իրականացվում է «Հանուն անկախ դատարանի» կարգախոսով: