25.11.2024
Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում դատարաններն արգելափակելու կոչի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Թուրքերը զինված մտել են Ջավախք. դաժան ծեծի ենթարկել պահակին եւ գողացել 32 անասուն

Մայիսի 20-ին չորս զինված թուրք հարձակվել են Վրաստանի Ախալքալաքի սահմանամերձ շրջանի Կարծախ գյուղի բնակիչներից մեկի վրա: Թուրքերը գյուղ են մտել կեսգիշերն անց եւ գյուղացի ֆերմերներից մեկի անասնագոմից գողացել են 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:


Զինված գողերը նախ, կրակել եւ սպանել են գոմի բակում կապված մեծ շանը, ապա մտել վագոն, որտեղ հսկելիս է եղել ֆերմերի պահակը՝ Սարգիս Գասպարյանը: Գողերը ձեռնաշղթաներ են հագցրել պահակին, ատրճանակի կոթով կոտրել գլուխը, դաժան ծեծի ենթարկել, ապա կատարել կանխամտածված գողությունը:


Սենյակը, որտեղ ապրում է Սարգիս Գասպարյանը


Մինչ գողերը կհատեին Վրաստան-Թուրքիա սահմանը՝ իրավապահներին հաջողվել է հետ վերադարձնել անասուններին, սակայն բռնել հանցանքը կատարողներին՝ չի հաջողվել, կրակել են վերջիններիս ուղղությամբ եւ ձիերով հեռացել:


Անասունները Կարծախի բնակիչ Ատոմ Հողմցյանին են պատկանում: Նա պատմում է, որ գիշերը 01:35-ի սահմաններում թակոցներ է լսել, դուրս եկել եւ տեսել, որ իր ֆերմայի հովիվը, որը նաեւ գիշերներն է պահակություն անում մոտակա տնակում՝ արնաշաղախ ընկած է, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:


Լուսանկարում՝ Ատոմ Հողմցյան


«Մոտ 200 մետր է տնից գոմ հեռավորությունը, պահակը սողալով հասել էր տանս դռան մոտ: Դուրս եկա, տեսնեմ՝ ձեռնաշղթաներով, բերանը կապած, գլխից արյուն է չռում, մի կերպ ճանաչեցի, որ ինքն է: Բերանը բացեցինք, գոռաց՝ շուտ հասեք անասուններին, տանում են»,-պատմեց Ատոմ Հողմցյանը:


Իրավապահները տեսախցիկների միջոցով են ֆիքսել, որ անհայտ անձինք գիշերով կասկածելի արագությամբ եւ դաժանորեն ծեծելով անասուններ են գյուղից դուրս քշում:


Ատոմ Հողմցյանը նշեց, որ տուժող Սարգիս Գասպարյանը Ախալցխայից է եկել, ու գերազանց տիրապետում է վրացերենին, գիտի նաեւ թուրքերեն: Գողերը Սարգսի հետ թուրքերեն են խոսել, վերջինս վրացերենով է պատասխանել եւ զգացել, որ նրանք թուրքերեն այնքան էլ լավ չեն խոսում եւ գուցե միտումնավոր են թուրքերեն պատասխանում: Հողմցյանը նշեց, թե կասկածում են, որ գողերը կարող են եւ այլ ազգի ներկայացուցիչ լինել: Միայն փաստն այն է, որ 32 անասունը փորձել են Թուրքիա տանել:


«Ուղղակի մի բան է աբսուրդ, թե ինչպես ոստիկանները չկարողացան նրանց բռնել, պարզապես ծիծաղելի է, մեզ ասում են, որ կրակել են իրենց ուղղությամբ ու փախել, բայց կարող էին չէ՞ հետապնդել, իրենք էլ են չէ՞ զինված»,-ասաց Ատոմ Հողմցյանը:



Կարծախի բնակչի խոսքով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, ընդ որում՝ երեքի դեպքում էլ տուժողն ինքն է: Առաջին անգամ երեք տարի առաջ են գողացել 35 անասուն, որն այդպես էլ չի բացահայտվել, դեպքը կրկնվել է երկու տարի անց՝ անցյալ տարի, եւ երրորդն էլ մայիսի 20-ին: Քաղաքացի Հողմցյանը մտահոգություն է հայտնում եւ նշում, որ երեք տարի առաջ գողացված խոշոր եղջերավորներին վարկով վերցրած գումարով էր առել, որը մինչեւ հիմա փակում է. «Արդեն երրրորդ դեպքն է, հասկանու՞մ եք, մինչեւ երբ, ոչ մեկս չգիտենք»:


Կարծախի բնակչի խոսքով՝ իրենց գյուղում պատմության մեջ նման բան չէր եղել, այս վերջին մի քանի տարին է. «63 տարեկան մարդ եմ, 30 տարի գյուղապետ եմ եղել, այստեղ անգամ գողության փորձ չի եղել: Կողքի սահմանամերձ գյուղերից եղել է, Սուլդա գյուղից, Կաթնատուրից եւ այլն, հիմա արդեն մեզնից են սկսել»:


Ատոմ Հողմցյանի խոսքով՝ Ջավախքի սահմանամերձ Կարծախ գյուղում մշտապես թուրքերի շարժ կա, իսկ նման դեպքերում իրավապահների իմիջիայլոց վերաբերմունքը պարզապես ապշեցուցիչ է. «Վախենում են մարդիկ, նույն հաջողությամբ վաղը մեկ այլ ընտանիք կարող են մտնել եւ վնաս տալ: Միակ սփոփիչ բանն այն է, որ մեր գյուղի ուղղությամբ տեսախցիկ է տեղադրվել, որը մինչեւ 7 կմ հեռավորություն ֆիքսում է, դա օգնեց, որ անասունները հետ բերվեցին: Չնայած որ կենդանիներն էլ մարդու նման բան են, սթրեսի մեջ դաժանաբար ծեծելով քշել էին, վնասել են»:


Հողմցյանը նշում է՝ անկախ կատարվածից, բարեբախտաբար աշխատողին չեն սպանել. «Տեղացի էլ չէ, երիտասարդ մարդ է, աստված չանի, եթե մի բան լիներ, ընտանիքին ի՞նչ պատասխան էի տալու»:


Կարծախում կատարվածի առիթով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով (ավազակություն):