24.11.2024
Ահռելի չափերի միջոցներ են հափշտակվել. «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի կոռուպցիոն մեխանիզմները
prev Նախորդ նորություն

Տարիքը կբարձրանա, ծրագրի ժամկետը՝ կկրճատվի. «Պատիվ ունեմ» ծրագրում փոփոխություններ կլինեն

ՀՀ կառավարությունը մի շարք փոփոխություններ է մշակել «Պատիվ ունեմ» ծրագրում:


Մասնավորապես, առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Կրճատվի նաև ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց այն կդառնա 2 տարի:


Ներկայացնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը:


Նախագծով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին:


«Պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված քաղաքացիների հետ հաստիքով նախատեսված պարտականությունների ներգրավման պայմանագրի ժամկետը սահմանվում է 1 տարի՝ գործող 3 ամսվա փոխարեն, խոսքն ակտիվ պահեստազորի մասին է»,- նշեց փոխնախարարը:


Սպաների համար սահմանված մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է ընձեռվում նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Նախագծով հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը: