«Շտապ օգնություն» ծառայությունը կմնա անվճար, նման նախագիծ գոյություն չունի: Այս մասին VERELQ-ին ասացին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Խնդիրը նրանում է, որ երեկվանից սոցիալական ցանցերու շրջանառվում է, թե առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրել է մի նախագիծ, ըստ որի՝ «շտապ օգնության» ծառայությունից օգտվողներն այսուհետ կվճարեն, բացառությամբ ծայրահեղ ծանր դեպքերի։ Նախարարությունից սակայն հավաստիացրեցին. «Նման նախագիծ գոյություն չունի»: Ավելին. նախարարությունը հրապարակել է Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը, որը կգործի հոկտեմբերի 1-ից: Դրանից տեղեկանում ենք, որ հաճախ տրվող հարցերից է նաև հետևյալը՝ -Եթե շտապօգնություն ենք կանչում, հատուցվու՞մ է: Նախարարությունից հիշեցնում են. «Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման[2]՝ շտապօգնության ծառայություններն անվճար են, հետևաբար դրանց մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում»: