Քաղաքագետ. Ադրբեջանը վերահսկողական տոտալ միջոցառումներ է նախատեսում սոցիալական մեդիայում
Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ռազմական դրության մասին» նոր օրենքի նախագիծը, որը մի շարք փոփոխություններ է նախատեսում. այսուհետև խորհրդարանի կողմից արտակարգ ռեժիմ մտցնելու որոշում նախկին 72 ժամվա փոխարեն պետք է ընդունվի 48 ժամվա ընթացքում, այսինքն, ըստ էության, որոշումների կայացման օպերատիվության խնդիր է լուծվում:
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի խոսքով` ռազմական դրության ժամանակ մեծ փոփոխություններ են նախատեսված ռազմական ցենզուրայի առումով: Օրինակ, նախատեսվում է ստեղծել հատուկ մարմիններ, հսկողություն սահմանել սոցիալական մեդիայում (Facebook, Twitter, Instagram, Youtube, Google + և այլն), էլեկտրոնային նամակագրության և հեռախոսային զրույցների հարցում:
«Եթե Ադրբեջանի նախագահի նախորդ կարգադրությամբ «Ռազմական դրության մասին» նախկին օրենքում հիմնական փոփոխություններն ուղղված էին՝ ուժեղացնելու վերահսկողությունը սահմանային շրջաններից տեղեկատվության արտահոսքին, հատկապես այնտեղ տեղակայված ռազմական օբյեկտների, նրանց դիրքի, օպերատիվ իրավիճակի մասին, ապա այս օրինագիծն առավել ընդհանրական բնույթ է կրում, ընդգծված տոտալ վերահսկողություն սահմանում սոցիալական մեդիայում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահը «Արտակարգ ռեժիմի մասին» օրենքում նախորդ շտկումներն արել էր ապրիլյան մարտական գործողություններից առաջ»,- հիշեցնում է քաղաքագետը:
Աբրահամյանը նաև հիշեցնում է, որ օրերս Ադրբեջանի հրամանատարական կենտրոնական կայանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի հրամանատարական կազմին տեղեկություններ է փոխանցել նախագահ Իլհամ Ալիևի կարգադրության վերաբերյալ, ինչպես նաև՝ վերլուծություն իրականացրել առաջնագծում տիրող իրավիճակի շուրջ՝ ընդգծելով «առաջիկայում նախատեսված խնդիրներն ու նպատակները»:
Այսպիսով, փաստում է քաղաքագետը, Ադրբեջանը վերահսկողական տոտալ միջոցառումներ է նախատեսում սոցիալական մեդիայում: