13.05.2025
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի  համար շատ կարևոր դաշնակից է. Վիգեն Սարգսյան
18.09.2017
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար շատ կարևոր դաշնակից է. Վիգեն Սարգսյան

Անկախ նրանից, թե լրատվամիջոցներում ինչ ասեկոսեներ են պտտվում և ինչ շահարկումներ կան՝ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար շատ կարևոր դաշնակից է: Ռուսաստանը եղել և շարունակում է Հայաստանի համար մնալ վստահելի դաշնակից: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Պետք է հասկանալ այն կարևորությունը, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը Հայաստանին. զենք-զինամթերք՝ ներքին գներով, շատ էժան շուկայականից, հնարավորություն ուղիղ գործարքներ կնքել իր ռազմաարդյունաբերական համալիրի սուբյեկտների հետ, դրան գումարած արտոնյալ վարկերի հնարավորություններ և անհատույց աջակցություններ: Բայց սա չի նշանակում, որ ՀՀ-ն չի փնտրում այլ հնարավորություններ»,- ասաց նա: Այդ տրամաբանության նախարարը թվարկեց իր բոլոր պաշտոնական այցելությունները, որ եղել են վերջին շրջանում՝ Հունաստան, Վրաստան, Բրյուսել, բոլորովին օրերս Չինաստան: Այդ այցերի ընթացքում եղել են բազմաթիվ քննարկումներ Հայաստանի համար կարևոր ռազմա-ստրատեգիական խնդիրների վերաբերյալ: Առաջիկայում էլ, տեղեկացրեց նախարար Սարգսյանը, կլինի նաև այց Կանադա, որտեղ բացի բարձրաստիճան պաշտոնական հանդիպումները նախատեսված է հանդիպում նաև հայ համայնքի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը այս համատեքստում հիշեցրեց, որ ՀՀ-ն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում է դաշինքի խաղաղապահ ծրագրերին: Վիգեն Սարգսյանը նաեւ խոսեց Հայաստանում ռազմարադյունաբերության ոլորտի զարգացման հնարավորությունների մասին՝ նշելով, որ ոլորտը նկատելի «պրոգրես է ապրում»: «Ռազմաարդյունաբերության ոլորտը պրոգրես է ապրում, ինչի ապացույցն է այն, որ շուտով կլինեն մեծ արտահանումներ այլ շուկաներ: Առաջնային ՀՀ ԶՈՒ պահանջարկն է, սակայն միայն այդ պահանջարկով կամ տեղական շուկայով մեծ ռազմաարդյունաբերական համալիր պահելն անհնար է», - շեշտեց նախարարը՝ հավելելով, որ արտաքին շուկաներում հայկական մշակման ռազմական արտադրանքներն առաջ են մղում նաեւ սպառազինության շուկայում ծանրակշիռ դիրքեր զբաղեցնող սփյուռքի ներայացուցիչների միջոցով: