22.12.2024
Զախարովա. ԼՂ հակամարտությունը սպառնալիք է Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությանը
03.02.2017
Զախարովա. ԼՂ հակամարտությունը սպառնալիք է Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությանը

Մոսկվան բարձր է գնահատում ժողովրդական դիվանագիտության դերը հակամարտությունների կարգավորման հարցում: Այդ մասին փետրվարի 3-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Սակայն կարևորագույն առաքելությունն է արագացնել հակամարտ կողմերի հանրային շրջանակներում խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունենալու և փոխընդունելի փոխզիջումների որոնման գաղափարը: Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած նախաձեռնություն, առաջին հերթին, պետք է դրան միտված լինի: Մենք ողջունում ենք ցանկացած հանրային նախաձեռնություն, որը հենց դրան ուղղված կլինի»,-ասել է Զախարովան: Անդրադառնալով ՌԴ և ԱՄՆ փոխգործակցությանը ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի օրոք` Զախարովան նշել է. «Ինչ վերաբերում է ամերիկացիների հետ շփումներին, այդպիսի շփում դեռ չի եղել, ուստի դրանք հիմա անիմաստ է մեկնաբանել: Սպասենք, մինչև այդպիսի շփում կլինի»: Զախարովան անդրադարձել է նաև Թիլերսոնի այն հայտարարությանը, թե «ղարաբաղյան հակամարտությունը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին և տարածաշրջանի կայունությանը»: «Կարծում եմ, անկասկած, դա նրա գնահատականն է որպես ԱՄՆ ներկայացուցչի: Սակայն, չմեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը, որն իրավասու է ինքնուրույն գնահատելու սպառնալիքները սեփական անվտանգությանը, ես կցանկանայի ասել, որ բուն հակամարտությունը ուղղակի սպառնալիք է հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանն ու ապագա զարգացմանը»,-ասել է նա, հայտնում է RT-ն: