24.11.2024
Հուսով եմ մեկընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի միջամտությունների էջը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսական գազը. Արթուր Գրիգորյան

Իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսական գազը, այսօր Մեծամորի ատոմակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։


«Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվել է 165 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց, իսկ ռուսական գազը մենք ստանում ենք 150 ԱՄՆ դոլարով և պլյուս ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կա 27-28 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր, որը ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը», - aysor.am-ի հաղորդմամբ ներկայացրեց նախարարը։


Լրագրողի դիտարկմանը, թե սահմանին 150 դոլար է ռուսական գազը, բայց բնակարաններում մարդիկ ավելի են վճարում, նախարարը հրաժարվեց արձագանքել՝ ասելով, որ այս պահին այդ հարցի պատասխանն ինքը չունի։


Այդուհանդերձ, ըստ նախարարի, իրանական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Նախարարը նաև ասաց, որ փորձելու են էժան գազի այլ աղբյուրներ ևս փնտրել։


Նշենք, որ Հայաստան-Իրան գազատարը շահագործման է հանձնվել 2007 թվականին։ Գազատարով մատակարարվող իրանական գազը օգտագործվում է Երևանի ՋԷԿ-ի և քիչ ծավալներով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար։ Արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը արտահանվում է Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։ Գազատարի տարողունակությունն օգտագործվում է 20%-ով։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն՝ Հայաստանը Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Հայաստան մատակարարվող իրանական գազի ընդհանուր ծավալը տարեկան մոտ 400 միլիոն խորանարդ մետր է կազմում: