Իշխող «Իմ քայլը» դաշինքում տեղյակ չեն արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի պատճառների մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, հայտարարել է իշխող դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հայտարարել է, որ հինգշաբթի օրը՝ մայիսի 27-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մեկնարկից առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Այվազյանին տեղեկացրել է այն մասին, թե ինչ առաջարկով է հանդես գալու նիստին: Խոսքը զորքերի հայելային հեռացման առաջարկի և Ադրբեջանի հետ սահմանին միջազգային դիտորդների տեղակայման մասին է։ «Այվազյանը որևէ առարկություն այդ կապակցությամբ չի ունեցել։ Նրա հրաժարականի պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ տեղեկություններ չունեմ», - հայտարարել է Մակունցը։ Նշենք, որ այսօր ԱԳՆ աշխատակիցների հետ իր հրաժեշտի հանդիպման ժամանակ Այվազյանը հայտարարել է. «Իմ հրաժարականի մասին որոշումը վկայում է հենց այն մասին, որ այդ նախարարությունը երբեք համաձայնություն չի տա որեւէ քայլի, որեւէ նախաձեռնության, որը կվնասի մեր պետական, ազգային շահերը»: