Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել որպես ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Այս մասին մայիսի 4-ի ԱԺ նիստում հայտարարեց "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին: "Այլ բառով որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, քան բարբարոսությունն է, հնարավոր չէ",- ասաց նա: Մակունցի ոխսքով, սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այդ մարդիկ չունեն մշակութային պատմություն եւ հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին` փորձելով վերացնել բոլոր հետքերը: "Կարծում եմ` այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Այս հարցը նաեւ պետք է լինի Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում` հետագա լուծումների առումով, որովհետու հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք",- հավելեց պատգամավորը: VERELQ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը վերանորոգման անվան տակ հանել է ՍԲ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։