Միխայիլ Միշուստինը երկօրյա աշխատանքային այցով կժամանի Հայաստան
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 18-ին երկօրյա աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Ինչպես հաղորդում է EADaily-ն, վկայակոչելով Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, Երեւանում Ռուսաստանի կառավարության ղեկավարը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին:
«2021 թվականի նոյեմբերի 18-19-ը Երեւանում (Հայաստանի Հանրապետություն) Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Առաջիկա հանդիպումը 29-րդն է 2015 թվականի հունվարի 1-ին ԵԱՏՄ-ի աշխատանքի սկսվելուց ի վեր եւ չորրորդն է ընթացիկ տարում: Նախորդ նիստերը տեղի են ունեցել 2021 թվականի փետրվարի 5-ին Ալմաթիում, 2021 թվականի ապրիլի 29-30-ը Կազանում եւ օգոստոսի 19-20-ը Ղրղզստանում՝ Չոլպոն-Աթայում: Բացի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի վարչապետներից, նիստին կմասնակցեն նաեւ Ուզբեկստանի եւ Կուբայի ներկայացուցիչները՝ որպես ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետություններ:
Նիստի օրակարգում են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման խորացման արդիական խնդիրները:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովմանը, ինչպես նաև միության անդամ պետությունների՝ դեղանյութերով և դեղագործական սուբստանցիաներով ապահովվածության հարցերին։ Նիստում քննարկվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների խնդիրները գլոբալ կլիմայական օրակարգի համատեքստում», - պարզաբանել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունում: