Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական հռետորաբանություն է համարել Ֆրանսիայի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Հալեպին ուղղված ավիահարվածները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ «Ես կասեի՝ դա քաղաքական հռետորաբանություն է, որը մեծ իմաստով հաշվի չի առնում Սիրիայում իրական վիճակը»,- հայտարարել է Պուտինը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Պուտինի կարծիքով՝ ընդհանուր առմամբ տարածաշրջանում և Սիրիայում իրավիճակի պատասխանատվությունը կրում են արևմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չէր բացառել Ռուսաստանի դեմ ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքների առաջադրման հնարավորությունը՝ Սիրիայի ռմբակոծությունների համար։