Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը քիչ առաջ ժամանեց Երևան: Վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը աջակիցների հետ Թանկյանին դիմավորեց օդանավակայանում:
Ավելի վաղ՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձի միջոցով Փաշինյանը նաև կոչ էր արել բոլոր ցանկացողներին «միասին շատ մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ» դիմավորել Թանկյանին:
Սերժ Թանկյանն ասաց. «Բարեւ, սիրելի՛ ժողովուրդ: Շատ կարոտել եմ ձեզ: Շատ հուզված եմ: Ուզում եմ գրածներս կարդալ, որ չշփոթվեմ:
Իմ սիրելի՛, հաղթակա՛ն ժողովուրդ, մեր նոր ազատ, անկախ եւ երջանիկ Հայաստանի հետ: Շատ կներեք, որ ֆիզիկապես մի փոքր ուշացա այս գեղեցիկ հետափոխությունից, բայց հավատացեք, որ վերջին 2-3 շաբաթը հոգեպես այստեղ էի՝ ձեզ հետ, եւ ոչ միայն ես, այլեւ ողջ սփյուռքահայությունը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, իմ սիրելի՛ ժողովուրդ, որ կարողացաք ձեր խաղաղ ցույցերով ստեղծել հայ ազգի պարծանքի արժանի հայրենիք: Հիմա արդեն ողջ աշխարհը ձեզ է նայում որպես դրական օրինակ:
Աշխարհը տարիներ շարունակ մեզ ճանաչում է ցեղասպանությամբ, երկրաշարժով եւ պատերազմով, բայց այժմ այս շարժումով դուք բարձրացրեցիք ամբողջ հայ ժողովրդի վարկանիշը:
Այս հեղափոխության միտքը եղավ ընդդիմադրությունը, իսկ սիրտը՝ սերը: Սիրո այս ուժն էր, որ բոլորովին հաղթահարեց այլ բացասական բոլոր ուժերին, բայց դուք նախ հաղթահարեցիք ձեր վախը: Ես ձեր նման տարիներով երազում էի այս օրվա մասին եւ լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով:
Տարիներով ինձ ասում էին. «Սե՛րժ, արի Հայաստան, եւ 100 հազար ժողովուրդ կհետեւի քեզ»: Իմ պատասխանը միշտ նույնն էր. «Երբ հայ ժողովուրդը պատրաստ լինի կանգնելու, ոչ Սերժ Թանկյանի պետքը պիտի ունենա, եւ ոչ այլ անձերի, քանի որ պատրաստակամ պետք է լինի պայքարելու»:
Խոնարհվելով ձեր առջեւ՝ ես եկա ձեզ հետեւելու եւ ձեզ աջակցելու, կերտելու համար երազանքի հայրենիք:
Ուզում եմ շնորհավորել Նիկոլին եւ բոլոր մեր երիտասարդներին, կազմակերպիչներին, որ կարողացան հուսահատությունը եւ զայրույթը վերածել դրական, խաղաղ եւ արդյունավետ պայքարի: Բրավո: Շնորհակալություն»:
Հիմա համբերության ժամանակն է: Այսինքն՝ գործը նոր է սկսելու: Պետք է շարունակել պայքարը այս գործով, բարեփոխումներով, քանի որ արդարության ճամփան մի քանի հաղթանակով չի կերտվում, սիրելի՛ ժողովուրդ: Շնորհակալություն»,- ասաց նա:
Թանկյանն անընդհատ ասում էր, որ Երեւանում համերգ չի տալու, սակայն ի վերջո մի փոքր երգեց: Նա կատարեց «Բարի արագիլ» երգից մի հատված:
Հիշեցնենք, աշխարհահռչակ երգիչը վերջին շրջանում պարբերաբար ուղերձներով է հանդես գալիս Հայաստանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ ողջունելով ժողովրդական շարժումը:
Իր ուղերձներից մեկում Թանկյանը խոստացել էր շուտով Հայաստանում լինել։