24.11.2024
Մեկնարկել է Հանրապետական խմբակցության նիստը
prev Նախորդ նորություն

Բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով. Արմեն Սարգսյան

Վաղը Ազգային ժողովում տեղի ունենալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլի կապակցությամբ ուղերձ է հրապարակել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:


Ուղերձում ասված է․


«Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը:


Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած, իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ, խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև:


Ակնկալում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսևորեն առավելագույն խոհեմություն և հեռատեսություն և կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով:


Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով:


Մեր ժողովուրդն այս է սպասում իր քաղաքական պատասխանատուներից: Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, և մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին:


Ուրեմն ի գործ՝ հանուն Նոր Հայաստանի»: