Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում բոլոր ավիափոխադրողների համար «բաց երկինք» ռեժիմի հաստատումը թույլ կտա նվազեցնել երթուղային մենաշնորհները, ավելացնել ուղղությունների թվաքանակն ու թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների քանակը: Ինչպես փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը, այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Նախարարի խոսքով՝ ներկա պահին Ռուսաստանի և Բելառուսի միջև, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիահաղորդակցությունը ազատ է: «Այդ իսկ պատճառով կարելի է խոսել «բաց երկնքի» գործնական ռեժիմի մասին»,-հավելել է Սոկոլովը: Ռուսաստանի իշխանությունների առաջարկը՝ ԵԱՏՄ տարածքում օդային հաղորդակցության ազատականացման մասին, նախատեսվում է քննարկել նաև Ղըրղզստանի հետ: Նշվում է, որ այս հարցով անցյալ շաբաթ քննարկումներ են անցկացվել Ղազախստանի իշխանությունների հետ: