VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրաավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության վերջին նիստին, որը տևել է շատ կարճ, Սերժ Սարգսյանը շատ հուզված է եղել, խոսել է շատ կարճ և տեղեկացրել, որ երկրի-պետության կայունության վիճակից ելնելով` չպետք է խանգարել պառլամենտի 1/3-ի կողմից առաջադրվող թեկնածուին և ապահովել 53 ձայնը: ՀՀԿ-ականների մի մասն ընդվզել է, Սերժ Սարգսյանն ասել է․ «Այլ ելք չունենք. իր կողքը կանգնած մարդկանց ձեռը Նիկոլն առաջիկայում կրակն ա ընկնելու»։ Ապա Շարմազանովի ու Արփինե Հովհաննիսյանի հետ բարձրացել է Արա Բաբլոյանի աշխատասենյակ` հայտնի հայտարարության տեքստը գրելու»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի և Իշխան Զաքարյանի հանդիպումը: Այս հանդիպումը հետաքրքիր է այնքանով, որ վարչապետի ընտրության ժամանակ ապրիլի 17-ի ԱԺ նիստում, երբ թեկնածու Սերժ Սարգսյանը խոսում էր հանգած հրաբուխների մասին, նկատի ուներ Խաչատուր Սուքիասյանին և Գագիկ Ծառուկյանին: Սարգսյանն ակնարկում էր, որ եթե հանգած հրաբուխները չբզբզան, ներքաղաքական լարվածությունը չի թուլանա, ցանկանալով հասկացնել, որ ինքը տեղյակ է, թե ովքեր են կանգնած Փաշինյանի ակտիվության հետևում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո Հանրապետական խմբակցությունը ծանր դրության մեջ է հայտնվել: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն` ԱԺ ներկայացվող շատ օրենքներ պետք է ընդունվեն պատգամավորների 3/5-րդ քվեարկությամբ: Այսինքն` հարկավոր է 63 ձայն, այնինչ` հանրապետական խմբակցության պատգամավորների թիվն այս պահին 58 է: Նախկինում, երբ ՀՅԴ-ի հետ նրանք կոալիցիայի մեջ էին, այսպիսի դեպքերում կարողանում էին օրենքներ անցկացնել. երկու խմբակցությունները միասին 64 հոգի էին: Սակայն այժմ ՀՀԿ-ն տապալվելու լուրջ խնդրի առջեւ է կանգնել: Դրա վառ ապացույցն էլ երեկ խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր, երբ ՀՀԿ-ն չկարողացավ ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանի համար հավաքել անհրաժեշտ 63 ձայնը: Ավելին` ՀՀԿ-ական 58 պատգամավորներից եւս բացականեր կային եւ ընդհանուր առմամբ թեկնածուն ստացավ 53 կողմ ձայն եւ չանցավ: Այսպիսով` առանց ՀՅԴ-ի ՀՀԿ-ն ձախողեց առաջին փորձությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում ոգեւորված են հեղափոխությամբ, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի: ՊՆ ավագների սերունդը վստահ է, որ Սերժ Սարգսյանը հեռանալիս ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել նրա հետ մի շարք կարեւոր պաշտոնների մասով։ Եվ հույս ունեն, որ Վիգեն Սարգսյանը կդասվի պրոֆեսիոնալների շարքը, եւ նրան ժամանակ կտան՝ սկսած ծրագրերն իրագործելու:
ՊՆ երիտասարդ սերունդը վստահ է, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կարկառուն կադրին՝ Վիգեն Սարգսյանին չի թողնի այդ պաշտոնին: Մի մասը համակերպվել է սպասվող փոփոխություններին եւ ճամպրուկային է, սակայն առավել ճկունները Դավիթ Տոնոյանի հետ են սկսել հանդիպել, քանի որ «Ելք»-ի անդամ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Պնախարարի լավագույն թեկնածուն Դավիթ Տոնոյանն է, սակայն նրա դեմ առարկություններ ունի Ռուսաստանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր սահմանադրության հեղինակները հոգացել են, որպեսզի Հայաստանում հնարավորինս բացառեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Ըստ այդմ, Սահմանադրությամբ ԱԺ լիազորությունների վաղաժամ դադարեցման համար բավական խրթին ընթացակարգեր են սահմանված, այն էլ իրավաբանական առավել քան խճճված ձեւակերպումների տեսքով: Ինչպես հայտնի է` ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ում մայիսի 8-ին կընտրեն վարչապետ, պահանջում է նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում: Նա հայտարարել է, թե ԱԺ-ն պետք է քաղաքական պայմանավորվածության համաձայն` չընդունի ժամանակավոր կառավարության ներկայացրած ծրագիրը, եւ իրավունքի ուժով ԱԺ լիազորությունները դադարեն, անցկացվեն նոր ընտրություններ: Բայց արի ու տես, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ կառավարության ծրագիրը չընդունելուց հետո ոչ թե իրավունքի ուժով արձակվում է ԱԺ-ն, այլ կառավարությունն է հրաժարական տալիս: Կրկին պետք է անցկացվեն վարչապետի ընտրություններ` Սահմանադրության 149-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ կետերի համաձայն, եւ եթե այս դեպքում էլ չի ընտրվում վարչապետ, ԱԺ-ն արձակվում է: Սահմանադրությունն այսքան խճճելն ու արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհին դժվարություններ ստեղծելն արվել է մի բանի՝ հնարավորինս բացառել իշխանափոխության տարբերակները` ապահովելով ՀՀԿ իշխանության հավերժացումը: Ահա, թե ինչու ՀՀԿ-ն որոշակի դիմադրությունից հետո «հանձնվեց»` հայտարարելով ԱԺ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն օգնելու որոշման մասին»: