Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի Մոսկվա կատարած այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են չեղարկել Ղրղզստանի պարտքը եւ զարգացնել ռազմա-քաղաքական կապերը: Ինչպես հայտնում է РБК գործակալությունը, Կրեմլում հունիսի 20-ին տեղի է ունեցել Աթամբաեւի եւ Պուտինի հանդիպումը, որի արդյունքում կողմերը կնքել են ութ համաձայնագիր: Երկու պետությունների ֆինանսների նախարարները ստորագրել են միջկառավարական համաձայնագրին կից արձանագրություն, որով չեղարկվել է ՌԴ-ից հանդեպ Ղրղզստանի 240 մլն դոլարի պարտքը: Խոսքը վարկային միջոցների մասին էր, որ Ռուսաստանը տրամադրել էր Ղրղզստանին 2012 թ.-ին: «Ղրղզական կողմից կար դիմում, որպեսզի չեղարկվի: Մենք ընդառաջեցինք այդ դիմումը, եւ այսօր ստորագրեցինք 240 մլն դոլար պարտքի չեղարկման համաձայնագիր»,- ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ հավելելով, որ համաձայնագիրը դեռեւս պետք է հաստատի Պետդուման: Ավելի վաղ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հավանություն է տվել Ռուսաստանի հանդեպ Ղրղզստանի ունեցած 240 մլն դոլարի պարտքի մարման արձանագրության նախագծին: Պարտքի դուրս գրումը Ռուսաստանի կողմից իրականացվում է Ղրղզստանի Հանրապետության զարգացման համար տրամադրվող պաշտոնական օգնության շրջանակներում: