Մեր ժողովրդի հերոսական ավանդույթներն այսօր շարունակում է անկախության սերունդը. Սահակյան
Մայիսի 9-ը վաղուց արդեն դարձել է մեր հերոս ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Պատմությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի համար վճռորոշ պահերին մենք կարողացել ենք համախմբվել և պաշտպանել համազգային շահը, մեր հողն ու օջախը, ընտանիքն ու երեխաներին։ Մեր ժողովրդին դա հաջողվել է իր խիզախության ու արիության, հայրենիքի հանդեպ անսահման սիրո և նվիրվածության, իր միասնականության ու անսասան կամքի շնորհիվ: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձում:
«Մենք միշտ հիշում ենք մեր հերոս հայրերի ու պապերի սխրագործությունները Մեծ Հայրենականում, մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով ու նաև այդ օրինակով էլ ոգեշնչված ազատագրել ենք Շուշին, հայկական հինավուրց բնակավայրերը և կերտել ազատ ու անկախ պետականություն:
Մեր ժողովրդի հերոսական ավանդույթներն այսօր շարունակում է անկախության սերունդը, շարունակում է պատվով ու վստահորեն՝ հարստացնելով մեր տարեգրության հաղթական էջերը։
Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում: Թող մայիսյան նվիրական հաղթանակները միշտ ուղենիշ լինեն մեր ժողովրդի համար և տանեն դեպի նոր նվաճումներ ու ձեռքբերումներ։
Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»,- ասված է Բակո Սահակյանի ուղերձում: