Ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում, բայց կշարունակեմ պաշտոնավարել, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
Նա նորից կրկնեց, որ անթույլատրելի է համարում պաշտպանության նախարարի հրաժարական, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար, քանի որ Հայաստանի առջև մարտահրավերներ կան: Եվ որևէ բան չի կարող իրեն իր պարտականություններից հետ պահել, մինչև չիմանա, թե ով է ստանձնելու դրանք:
Անդրադառնալով այն լուրերին, որ ՊՆ պաշտոնում իրեն կարող է փոխարինել ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, Վիգեն Սարգսյանն ասաց, որ իր համար այդ թեկնածությունը հարմար կլինի, քանի որ Դավիթ Տոնոյանի հետ ավելի քան 19 տարի ծանոթ է և վերջինս շատ լավ գիտի նախարարությունը, որտեղ ծառայել է
«Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել որպես նախարար Դավիթ Տոնոյանին», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախարարի պաշտոնակատարը պատրաստվում է հաջորդ նախարարին մանրակրկիտ ձևով փոխանցել ողջ տեղեկատվությունը, քանի որ յուրաքանչյուր ծրագրի մասով գիտեն իրավական դաշտի կարգավորումներն ու անելիքները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր թիմը և նախարարը հաջողեն, որովհետև դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը: Առնվազն ադեկվատ չի լինի, երբ որևէ մարդ, որը գոնե մեկ օր, մեկ տարի նվիրվել է երկրի պաշտպանության կազմակերպման գործին, չերազի, որպեսզի իր հաջորդը իրենից արդյունավետ լինի: Դա բացարձակ անձնական ամբիցիայի խնդիր չի, դա մեր հասարակության և մեր պետության անվտանգության հարցն է, այդ թվում՝ իմ ընտանիքի ու իմ երեխաների: Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ, անկախ քաղաքական հայացքներից, ով էլ լինի պաշտպանության նախարար, անպայման հաջողի», - հավելեց Սարգսյանը։