«Կոմսոմոլսկայա պրավդայի» եթերում ներհայաստանյան իրադարձությունների ու Հայաստանի դերի ու նշանակության մասին կոշտ հայտարարություններ արեց «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը, ինչը բողոքի ալիք բարձրացրեց թե ՀՀ–ում, թե ՌԴ–ում`հայկական շրջանակների մոտ։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը կոչ է արել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել, մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով, և միաժամանակ խստագույնս դատապարտելով Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Բացի այդ, կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի հայերի միությունը։
Միխայիլ Լեոնտևը հանդիսանալով ՌԴ–ի քաղաքացի, քաղաքագետ ու փորձագետ կարող է արտահայտել միայն իր դիրքորոշումը`պետք է հասկանալ մեկ բան`դա ՌԴ–ի պաշտոնական դիրքորոշումը չէ ՀՀ–ի, հայ ժողովրդի ու ներհայաստանյան իրադարձությունների մասին։
Հայ–ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները չպետք է տուժեն փորձագետների արտահայտած սուր և քննադատական հայտարարություններից`Մոսկվա–Երևան տանդեմի կապերը խորը ռազմա–քաղաքական են`հիմքում ունենալով հայ և ռուս ժողովուրդներ դարավոր բարեկամություն`այդ հարաբերությունները պետք է զերծ պահել էմոցիոնալ դաշտ տեղափոխելուց։
Լեոնտևի հայտարարությունները կարող են սադրել հայաստանյան «թավշյա հեղափոխության» առաջնորդներին ի պատասխան հանդես գալ ՌԴ–ին քննադատող հայտարարություններով` ինչն էլ ստվեր է գցելու երկկողմ կապերի ապագայի վրա։
Այդպիսի սադրանքները կարող են բորբոքել «փողոցի» տրամադրություններն ու փորձել իրադարձություններին տալ «հակառուսական Մայդանի» բնույթ` ինչն այդպես չէ, դրա մասին բազմաթիվ անգամ հայտարարել է հեղափոխության առաջնորդ ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Չպետք է տրվել էմոցիաներին ու հնարավոր սադրանքներին` Հանրապետության հրապարակի ցուցարարները չպետք է վանկարկեն հակառուսական կոչեր`հենց դա կարող է լինել այդպիսի «փորձագետների» նպատակը`խաղաղ ցույցերին հաղորդել գոյություն չունեցող հակառուսականություն։
ՀՀ–ում չկան մասայական հակառուսական տրամադրություններ`«թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հստակ մեսիջներ ուղարկեց` այս շարժումը չունի աշխարհաքաղաքական ուղղվածություն`հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանվելու են։
ՌԴ–ի դիրքորոշումն էլ կայանում էր ներհայաստանյան գործերին չմիջամտելու մեջ` Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է ԱԳՆ–ի, ՌԴ–ի նախագահի մամուլի խոսնակի ու Երևանում ՌԴ–ի դեսպանատան մակարդակով`«փորձագիտական» կարծիքները չեն կարող համարվել Կրեմլի դիրքորոշում կամ ընդհանուր քաղաքական գիծ ՀՀ–ի ու հայ ժողովրդի նկատմամբ։