6.07.2025
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չունենք իրական բանակցային ճարտարապետություն. ԵԱՀԿ
11.01.2018
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չունենք իրական բանակցային ճարտարապետություն. ԵԱՀԿ

Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո հակամարտության կարգավորման գործում առկա փոքր վստահությունը խարխլվեց: Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրեսը», հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը: «Հետաքրքրական է այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում սեղանին ունենք վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չունենք իրական բանակցային ճարտարապետություն»,- նշել է նա: Գյունտեր Բեհլերը կարևոր և ինչ-որ առումով նաև քաջալերող է անվանել 2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ընդգծելով, սակայն, որ միայն նախագահների երկկողմ հանդիպումը ավտոմատ կերպով չի վերականգնի բանակցային գործընթացը: «2014 թվականին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը կառուցվածքային բանակցային գործընթացի վերաբերյալ մշակել էր ոչ պաշտոնական փաստաթուղթ՝ բոլոր տարրերով ու լայնամասշտաբ բանակցային գործընթացի համար բոլոր մանրամասներով: Մենք այն շարունակաբար ներկայացրել ենք հաջորդ նախագահողներին և ներգրավված անձանց, գուցե մի օր այն օգտագործվի: ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանում մենք բավական ժամանակ անցկացրինք նախ և առաջ զարգացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային առաքելությունն ուժեղացնելու գաղափարը: Սանկտ Պետերբուրգում նախագահների միջև կար համաձայնություն, որը, սակայն, դեռևս կյանքի չի կոչվել: Շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին շատ փոքր խումբ է դիտորդական առաքելություն իրականացնում. մենք խոսում ենք միջազգային անձնակազմը 6-ից 13-ի ավելացնելու մասին»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ արդեն 2017 թվականին ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունն ավելի է զարգացրել տվյալ կոնցեպտը և վերջերս այս հարցում որոշակի տեղաշարժ է գրանցվել, ուստի 2018 թվականին դրանց կիրառման հեռանկարներն իրատեսական են թվում: «Միևնույն ժամանակ մենք մշակել ենք ոչ պաշտոնական փաստաթուղթ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության վերաբերյալ՝ վստահություն կառուցող ևս մեկ միջոց, որը պետք է կիրառվի»,- ասել է Գյունտեր Բեհլերը: