«Գրդոնչիների» մանիպուլյացիան․ ՊՆ-ն կտրուկ է արձագանքել իրավապաշտպանների մեղադրանքներին
««Գրդոնչիների» հերթական մանիպուլյացիան։ Մարդկանց զգացմունքների հետ մի խաղացեք, ես անձամբ ձեզ բազմիցս ապացուցել եմ, որ դուք իրավիճակին երբեք չեք տիրապետել»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ինչ, որ կտորներ պոկելով իրականությունից ճշմարտաության տեղ մի մատուցեք։ ՀՀ ԶՈւ-երում ոչ մի մահ չկա, որ թաքցրած է։ Նախ դա մեր գործելաոճը չի, երկրորդ դա անհնար է և երրորդ. եթե դուք նման մի դեպք գտնեիք, ապա ձեր հիստերիան հիմա հասել էր մինչև Մարս։ Ամեն տարի նույնն եք անում։ Զորացրված զինծառայողի մահը տանը գրանցում եք բանակի մահ ու այն էլ թաքցրած։ Տանը ինֆարկտից մահացածին հաշվում եք թաքցրած մահ և այսպես շարունակ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակներին տրամադրած ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվության համարձայն ՀՀ Պաշտպանության նախարարությունը միտումնավոր թաքցրել է Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը՝ մահացությունների վերաբերյալ հանրությանը տալով ոչ ամբողջական և ոչ ճշգրիտ տեղեկատվություն։
Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի Տարեկան հաշվետվության ԳԼՈՒԽ 3. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ բաժնում (գտնել՝ զեկույցի 286-րդ էջում) նշված է, որ համաձայն ՊՆ-ից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում 2017 թվականին մահացել է 75 զինծառայող։ Մարտական հերթապահության ընթացքում զոհվել (մահացել) է 41 զինծառայող, այլ պայմաններում՝ 34։
Մինչդեռ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում մահացել է 56 զինծառայող։ Ստացվում է՝ Պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցրել է 19 զինծառայողի մահը, եզրահանգել էին իրավապաշտպանները։