2.11.2024
Հայաստանը պարեց դեպի հեղափոխություն. The Washington Post
07.05.2018
Հայաստանը պարեց դեպի հեղափոխություն. The Washington Post

Վերջին մի քանի օրերին հարյուր հազարավոր հայեր մասնակցել են հակակառավարական ցույցերին: The Washington Post պարբերականն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: «Նրանք փողոցներ էին փակում, գործադուլներ անում, թափահարում էին հայկական եռագույն դրոշը եւ դրա հետ մեկտեղ անում էին այն, ինչը հեղափոխության հետ ոչ մի կապ չունի՝ պարում էին»,- նշում է հեղինակը: Երբ ապրիլի կեսերին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սկսեց բողոքի ցույցերը, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տոնական տրամադրություն էր տիրում: «Երիտասարդությունն ըմբոստացել էր կոռումպացված իշխող էլիտայի դեմ: Նրանց ժողովրդավարական շարժումը Սերժ Սարգսյանին ստիպեց վարչապետի պաշտոնից հեռանալ ավելի քան 10-ամյա կառավարումից հետո»,- նշված է հոդվածում: Հեղինակը նշում է, որ հայերը պարելով իրենց ավելի ուժեղ են զգում: Պարը երկրի եւ ամբողջ աշխարհում ցրված սփյուռքի միջեւ կապող օղակ է: Հայկական պարային համույթները պարբերաբար ելույթ են ունենում տարբեր հարթակների վրա՝ Լոս Անջելեսից սկսած եւ Մոսկվայով ավարտված, իսկ պարային բարդ ծրագրերը հայկական ավանդական հարսանեկան արարողությունների մի մասն են: Մեքենաներից ժողովրդական երգ էր լսվում, մարդիկ բռնում էին մեկը մյուսի ձեռքն ու պարում: Ցուցարարները պարում էին նաեւ ավանդական քոչարին, որը մտած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ: «Մենք հայ ենք: Մենք պարում ենք, երբ երջանիկ ենք»,- թղթակցի հետ զրույցում նշում է 24-ամյա դիզայներ Սոնան:Հեղափոխության ժամանակ ելույթները միայն պարերով չէին սահմանափակվում՝ երաժիշտների խումբը, այդ թվում՝ ջութակահարներ եւ թավջութակահարներ, այս շաբաթ փակել էին մշակույթի նախարարության մուտքը, որտեղ նրանք կատարում էին Կոմիտասի ստեղծագործությունները: Նույն օրն ավելի ուշ նախարարը հրաժարական է ներկայացրել: