6.11.2024
Մամուլ. Ռուսահայ օլիգարխիան մերժել է Արթուր Վանեցյանին
16.01.2020
Մամուլ. Ռուսահայ օլիգարխիան մերժել է Արթուր Վանեցյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ամանորյա տոներից հետո գտնվում է արտերկրում: Մեր տեղեկություններով՝ ռուսահայ օլիգարխիայի ներկայացուցիչները այնքան էլ հակված չեն ֆինանսավորել Վանեցյանի քաղաքական ծրագրերի իրականացումը՝ համարելով, որ նա ինքն էլ պակաս ֆինանսական ռեսուրսների չի տիրապետում, և բացի դրանից՝ վախենում են, որ դրանով կարող են փչացնել իրենց հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ: Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ հույսեր են կապել ռուսահայ օլիգարխիայի աջակցության հետ, հետագայում համոզվել են, որ դա ձախողման տանող ամենակարճ և ամենահուսալի ճանապարհն է»: «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրն ասում է, որ Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում։ Հիշենք․ ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին եւ ՄԻԵԴ-ին դիմել է անձեռնմխելիության եւ 300.1 հոդվածի խնդրով։ «ՄԻԵԴ-ում գործընթացը երկար է տեւում, ՀՀ դատախազությունից, փաստաբաններից պետք է կարծիքներ ստանան, նոր պատասխանեն։ Որոշումը կլինի մարտի 23-24-ի միջակայքում, ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա այն մինչեւ փետրվարի վերջ կգա»,- ասաց մեր աղբյուրը: 2 կառույցի կարծիքն էլ իրավական ուժ չունի, ի՞նչ «անակնկալի» մասին է խոսքը։ «Այո, դրանք խորհրդատվական են, սակայն որեւէ պետական մարմին, դատարան թեկուզ խորհրդատվական կարծիքի դեմ որոշում չի կայացնի, դրանք այնքան հեղինակավոր կառույցներ են, որ նրանց դեմ չեն գնա: Կարծիքներն ստանալուց հետո ՍԴ-ն պետք է որոշի՝ օրենքը (մեղադրանքը) համապատասխանո՞ւմ է ՀՀ սահմանադրությանը, թե՞ ոչ, եթե որոշում կայացրեց, որ չի համապատասխանում, մեղադրանքը պետք է կարճվի»: Իսկ Հրայրին կձերբակալե՞ն՝ չէ որ անձեռնմխելի է։ «Իրենք արդեն մեղադրանք առաջադրելիս անցել են անձեռնմխելիության նորմի վրայով, բայց կարծում եմ՝ չեն ձերբակալի՝ միջազգային աղմուկից ելնելով»: «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրերս ՀՔԾ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանի, աշխատասենյակի եւ հայրական տան խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ։ Սակայն դատավորը, ում անունն այս պահին չենք հրապարակում, մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ, հաշվի առնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բնույթն ու էությունը, անհնար է, որ վերջինիս բնակարանում, աշխատասենյակում կամ հայրական տանը գտնվի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ որեւէ ապացույց։ Այդ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազ Արթուր Դավթյանը, սակայն վերաքննիչը նույնպես մերժել է բողոքը՝ տեղի չտալով Բարձրագույն դատական խորհրդի ճնշումներին։ Այս մերժումներից հետո ԲԴԽ որոշ անդամներ ու Երեւանի դատարանի նախագահը ժողով են արել եւ որոշել Հրայր Թովմասյանի վերաբերյալ միջնորդությունները եւ բողոքները գործերի բաշխման համակարգչային համակարգ մուտքագրել այնպես, որ դրանք մակագրվեն առաջին ատյանի դատարանի առավել վստահելի եւ հոգեբանորեն «կայուն» 6 դատավորներից մեկին՝ Հաց բերողին կալանքի տակ պահած Արթուր Մկրտչյանին, ԱԱԾ կոռուպցիայի դեպարտամենտի պետ Միքայել Հարությունյանի մանկության ընկեր Մեսրոպ Մակյանին, Երեւանի քննչական վարչության պետի եղբայր Կարեն Ֆարխոյանին, Գեւորգ Կոստանյանի կալանքը բավարարած Մարինե Մելքոնյանին, ինչպես նաեւ Կենտրոն դատարանի հանրահայտ զույգին՝ Մնացական Մարտիրոսյան եւ Գագիկ Պողոսյան: Այսինքն, այն դատավորներին, որոնք վերջին 20 տարում իշխանությանը հակառակ ակտեր չեն կայացրել»: «Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ հաստատել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու սեփական ցանկությունը, և շուտով կձևավորվի նոր Սահմանադրության նոր տեքստը մշակող հանձնաժողովի կազմը: Շատերը համոզված են, որ հանձնաժողովը ներկայացնելու է Սահմանադրության այնպիսի նախագիծ, որով Հայաստանը անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգի: Դժվար է ասել՝ կառավարման համակարգի փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց հայտնի է, որ այդ փոփոխությունների արդյունքում լուծվելու է գործող Սահմանադրական դատարանի հարցը: Նախորդ իշխանությունների մնացորդ այս կառույցը չցանկացավ օգտվել իրեն ընձեռված բացառիկ հնարավորությունից, և ուրեմն մնում է նրանց միասնաբար և հարկադրաբար թոշակի ուղարկելու տարբերակը»: «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, եւ հարցաքննվել է իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը տեւել է 2 ժամ 35 րոպե: Իսկ ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել գաղտնալսման գործով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ որեւէ նոր հանգամանք ի հայտ չի եկել, պարզապես մի քանի հարցեր են տվել վարչապետին: Իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ վարչապետին հարցաքննության հրավիրելու եւ նրա կողմից կոմիտեում հարցաքննվելու լուսանկար հրապարակելը ակնարկ է եղել գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց համար: Մասնավորապես, եթե մյուս գերատեսչությունների պաշտոնատար անձանց այս կամ այն գործով հրավիրեն հարցաքննության, եւ վերջիններս հրաժարվեն գնալ, ապա վարչապետի հարցաքննության փաստը իրավապահները պետք է օգտագործեն որպես զենք՝ նշելով՝ եթե վարչապետը հարցաքննության է հրավիրվել եւ գնացել է ՀՀ քննչական կոմիտե, ապա մյուսները իրավունք չունեն հրաժարվել կամ չգնալ նախաքննական կամ հետաքննական մարմին՝ հարցաքննության կամ բացատրություն տալու»: «168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը’ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, փոխեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորում խափանման միջոցը: Այս առերեւույթ սովորական դատավարական գործողությունը միգուցե այդպես էլ մնար սովորականության նույն տիրույթում, եթե չունենար անսովոր նախապատմություն: Մի կողմ թողնենք, թե իշխանական մեղադրամեքենան որքանով էր ճիշտ կամ հիմնավորված ներկայացնում Մանվել Գրիգորյանի մեղադրանքի համար հիմք ծառայած գործողությունների ծանրությունը, նախկինում նրա կողմից գործած առերեւույթ կոռուպցիոն քայլերը, որքանով էր հիմնազուրկ կամ հակառակը, այսպես ասած, «տուշոնկայի» եւ դպրոցականների՝ Ապրիլյան պատերազմի զինվորներին գրված նամակների հորինված կամ իրական լինելը, որքանով նոր իշխանությունները հայտնի տեսանյութի միջոցով կարողացան հասարակությունից էմոցիաներ կորզել եւ մանիպուլյացնել հեղափոխություն֊իշխանափոխության ճանապարհին, դա ցույց կտա ժամանակը: Այն, որ Մանվել Գրիգորյանը սուրբ չէ, հայտնի է բոլորին, ինչպես եւ հայտնի է, որ որեւէ երկրի պատերազմով անցած որեւէ գեներալ չի կարող անբիծ կենսագրություն ունենալ: Ցանկացած պատերազմ ունի իր կեղտերը եւ արատները, հերոսներն ու հակահերոսները, բայց եւ փաստ է, որ նաեւ որեւէ իշխանություն սուրբ չէ եւ նույնպես ունի իր արատները եւ կեղտերը: Նույն դատավորի կողմից նույն առողջական վիճակի վերաբերյալ Գրիգորյանի փաստաբանների կողմից ներկայացված մեկ տասնյակից ավելի միջնորդությունները որեւէ անգամ չեն բավարարվել: Բայց արի ու տես, որ նույն դատավորը, նույն հիմքով եւ կարծես թե կրկնվող բովանդակությամբ այսօրվա միջնորդությունը բավարարեց հաշված ժամերի ընթացքում: Ինչո՞ւ, որովհետեւ միջնորդությունը ներկայացնում էր դատախազությո՞ւնը, թե՞ Գրիգորյանի մեղավորության կանխավարկածն անսասան պահելու համար ականջահաճո է անպայման մեղադրող կողմի միջնորդության բավարարման փաստը... Անկախ ամեն ինչից, Մանվել Գրիգորյանի անձի շուրջ աղմկահարույց մեղադրանքներից յուրաքանչյուրը շարունակում է մնալ չապացուցված, իսկ թե ինչ փոխվեց միջնորդության տեքստի հիմնավորվածության մեջ՝ դարձյալ ցույց կտա ժամանակը»: «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ մարզային մի շարք բուժկենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելու, հետեւաբար ծննդատների փաստացի փակելու ծրագրի մասին, ՀՀ կառավարության հավանությանը չի արժանացրել: Եվ զարմանալի չէ, նախարարի կողմից արդեն հայտարարված 3 առողջության կենտրոնների՝ Աչաջրի, Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի եւ Մարալիկի փակման վերաբերյալ որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչից հետո երկու մարզպետները հայտարարեցին, որ բուժկենտրոնները շարունակելու են գործել եւ ֆինանսավորում ստանալ մարզպետարանից: Այս պատմության մեջ ուշագրավն այն էր, որ 2 մարզպետներն էլ հայտարարեցին, որ դա քաղաքական որոշում է: Իսկ եթե մարզպետները շեշտում են քաղաքական որոշում, դա նշանակում է, որ կառավարության կոնկրետ որոշումն է՝ առողջության կենտրոնները չպետք է փակվեն, այլ վերազինվեն: Սա նշանակում է, որ կառավարության անդամի՝ նախարար Թորոսյանի դեմ կառավարությունը որոշում կայացրեց: Նկատենք, որ նման իրավիճակ առաջին անգամ է, երբ նախարարը մի որոշում է կայացնում, բայց կառավարությունն իր այլ օղակներով հակառակ քայլերն է անում, եւ, ըստ էության, այսպես չեզոքացնում նախարարի որոշումը: Սա կարող է երկու իմաստ ունենալ. մեկը, որ նախարարն ինքնուրույն է արել, եւ կառավարությունը որոշեց այսպես «պատժել», կամ էլ նախարարին «ոգեւորել են»՝ ասելով՝ այդ որոշումը կայացրու, բայց, մյուս կողմից, նրան միայնակ են թողնում իր կայացրած որոշման հետ՝ ցույց տալով, որ ունակ չէ լուրջ որոշումներ կայացնելու: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ նախարար Արսեն Թորոսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական թիմն անհամատեղելի են»: «Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը փորձ է անում պայմանավորվածություններ ձեռք բերել գործող իշխանությունների հետ, փորձել նրանց հետ շփման եզրեր գտնել: Բանն այն է, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է Գյումրի մեկնում, եւ նկատվում է, որ այդ այցերի ժամանակ հաճախ է կշտամբում կամ դիտողություն անում Բալասանյանին: Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը պարբերաբար փորձ է անում նաեւ հանդիպել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն դա էլ չի ստացվում: Մենք տեղեկացանք, որ Բալասանյանը կողմնակիցների թիմ է հավաքում, եւ այդ աշխատանքներում նրան օգնում է որդին` Միսակ Բալասանյանը: Նրանք փորձում են այնպիսի մարդկանց իրենց շուրջը հավաքել, որոնք կարող են բարեխոսել վարչապետի մոտ մի քանի կուսակցություն փոխած Բալասանյանին քաղաքական փայլուն ապագա ապահովելու հարցում: Բնական է, որ Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հերքեց, թե Բալասանյանի կողմից հանդիպման ցանկություն է եղել, սակայն մերժվել է, իսկ Բալասանյանն էլ նշեց. «Իմ նախաձեռնությամբ չենք հանդիպել»: Մեր հարցին՝ իսկ ցանկություն հայտնե՞լ եք հանդիպելու, պատասխանեց՝ ոչ, ապա շարունակեց. «Հարցեր չեն եղել, որ հանդիպենք: Եթե հարցեր լինեն, կպայմանավորվենք, կհանդիպենք»: «Փաստ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ ներկա իշխանության դիրքերը թույլ ու խախուտ են հատկապես մարզերում. սա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքների ղեկավարների հիմնական մասը նախկին իշխանությունների օրոք ընտրված ու նախկին իշխանության թիմի ներկայացուցիչներ են, մարզպետները մեծամասամբ թույլ են կամ պարզապես տեղերում հեղինակություն չվայելող, իսկ մեկուկես տարվա ընթացքում անցկացված ՏԻՄ բոլոր ընտրություններում իշխանական ուժը կա՛մ խայտառակ պարտություն է կրել, կա՛մ դրանից խուսափելու համար պարզապես չի մասնակցել։ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ այս հարցը իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար ունի առանցքային նշանակություն, եւ պատահական չէ, որ այդ առիթով մի քանի քննարկումներ են եղել, հատուկ հանձնարարականներ իջեցվել։ Մասնավորաբար, թերթի տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի ընթացքում նախատեսված ՏԻՄ ընտրություններին։ Դրա համար տրվել են համապատասխան հրահանգներ: Նշենք, որ 2020 թվականին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված մարտի 15-ին, հունիսի 14-ին եւ հոկտեմբերի 18-ին»: «Հրապարակ» թերթը գրում է. «Նալբանդյան փողոցում՝ վարչապետի լուսամուտի տակ կայանած այս հնամաշ «Վոլգան» կարելի է համարել ապրիլյան հեղափոխության խորհրդանիշը։ Այն 2018-ի ապրիլին ճանապարհ էր փակում եւ «վաստակել» է խախտումով կայանելու իր իրավունքը, իսկ ՃՈ-ն աչք է փակում դրա վրա։ Մեքենայի ապակիներին ՀՀԿ-ականների նկարներ են՝ վրաները խաչ քաշած ու գրած՝ «ազգի դավաճան»։ Հետեւի ապակուն Նիկոլ Փաշինյանն է՝ հեղափոխական լոզունգներով։ Իսկ բուն մեքենան՝ մետաղի ջարդոնի վերածված, քարուքանդ ու ժանգոտած, արտահայտում է այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք հեղափոխությունից հետո՝ փլուզված արժեհամակարգ, խարխլված փոխհարաբերություններ, ապագայի հանդեպ նվազող հավատ, ագրեսիվ հասարակություն»: «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարումից ի վեր չի մասնակցել Էջմիածնի Մայր տաճարում Սուրբծննդյան պատարագին, քանի որ Էջմիածնի տաճարը տեւական ժամանակ է՝ վերանորոգման մեջ է, հիմա աշխատանքները կաթվածահար են, քանի որ կառավարությունը ձգձգում է որպես մշակութային օբյեկտ, տաճարում կատարվող աշխատանքները բարեգործական ճանաչելու եւ հարկերից ազատելու մասին որոշումը։ Պատճառները ճշտելու համար զանգահարեցինք կառավարության աշխատակազմի ղեկավարին, նա չպատասխանեց։ Իսկ մամուլի խոսնակ կառավարության ղեկավարը դեռ չունի։ Մայր Աթոռից մեր հարցին ի պատասխան ասացին․ «Մայր տաճարի նորոգությունը որպես բարեգործական ծրագիր որակելու հարցը քննարկվում է ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ՝ հարցի կարգավորման համատեղ ուղիներ գտնելու համար»։ Ի դեպ, հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ 2019-ի մարտին Տիգրան Ավինյանի ղեկավարած հանձնաժողովը սիրահոժար «բարեգործական» էր ճանաչել Սորոսի հիմնադրամի բոլոր ծրագրերը՝ 3 միլիոն դոլարից ավելի, եւ հարկերից ազատել նրա հետ համագործակցող կազմակերպություններին, այդ թվում՝ նաեւ լրատվամիջոցների։ Անհասկանալի է, թե ինչու պետք է «Հրապարակը» հարկեր վճարի, իսկ «Բաց հասարակության հիմնադրամի» հետ աշխատող ԶԼՄ-ն՝ ոչ»: «Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Այս ոլորտում փոփոխությունների մասին բազմիցս է խոսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները ցանկանում են՝ այս օրենքն ուժի մեջ մտնի մինչեւ 2021 թվականը: Բանն այն է, որ այդ տարի հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ է անցկացվելու, եւ նրանք ցանկություն ունեն այդ մրցույթն անցկացնել նոր չափորոշիչներով, եւ գուցե շատ հեռուստաընկերություններ չհամապատասխանեն չափորոշիչներին ու պարզապես փակվեն: Ինչպես հայտնի է, այժմ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ արդեն նոր նախագծով կարող է նախատեսվել, որ լիցենզավորվելու են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինքն՝ այն կառույցները, որոնք թվային հեռարձակում են ապահովում: Եվ ամեն հեռուստաընկերություն պարտադիր 5 ալիք պետք է ունենա՝ շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային: Սա, բնականաբար, մեծ ֆինանսներ է ենթադրում, որն այսօր գործող ոչ բոլոր հեռուստաընկերությունները կկարողանան ապահովել: Կանխատեսումներ կան, որ օրենքի ընդունումից հետո 3-4 հեռուստաընկերություն կմնա, որոնցից մեկը Հանրային հեռուստաընկերությունն է»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությանն անցած տարվա պետական բյուջեով հատկացվել է 525 մլն 623 հազար 100 դրամ պարգևատրման ֆոնդ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախա­րարությունից: Ըստ նախարարու­թյան՝ պարգևատրում տրվում է արդ­յունավետ աշխատանք և լրացուցիչ հանձնարարություններ կատարած աշխատակիցներին (պարգևատրվում են ոչ բոլորը): Սակայն նկա­տենք, որ Ֆինանսների նախարարու­թյունից հայտնել են, որ ամենամեծ և ամենափոքր պարգևատրում ստա­ցած աշխատակիցների վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն: «Ժողովուրդ» օրաթերթին նա­խարարությունից փոխանցեցին նա­և, որ ՀՀ ֆինասների նախարարու­թյունում աշխատում է 382 աշխա­տակից, իսկ անցած տարի ամսական պարգևատրում ստացել է միջինը 337 աշխատակից»: «Փաստ» թերթը գրում է. «Վերջին երկու ամիսներին ռուսական քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար անդրադարձ է կատարվում Արցախի հարցի կարգավորման և բանակցային գործընթացներին։ Խոսքը, մասնավորաբար, անվտանգության գոտում ռուս խաղաղապահների ընդգրկման մասին է։ Այս թեման տևական ժամանակ է, ինչ ռուսական փորձագիտական սեկտորի (Մարկեդոնով, Կոլերով, Տարասով) ուշադրության առանցքում է։ Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ նման փորձագիտական շրջանակների կողմից որոշակի թեմաների հրապարակ նետելը երբեք պատահական չի արվում: Ավելին, որոշ ռուսական լրատվականներ («Ռեգնում», «Նոյև Կովչեգ», «Կովկազկի Ուզել» և այլն) լծված են Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացներում որոշակի «սլիվներ» տարածելու և խաղաղապահների թեման անընդհատ տարբեր առումներով «ռասկրուտկա» անելու գործին։ Այս հարցը հիմնականում առաջ է քաշվում այն տրամաբանությամբ, որ Արցախի, այսպես կոչված, «բուֆերային» գոտում ներդրվելու է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ: Ուշագրավ է, որ ռուսական շրջանակների այսպիսի ակտիվությունն առանձնապես Հայաստանի իշխանությունների կամ փորձագիտական շրջանակների արձագանքին չի արժանանում»: «Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանում քաղաքական և տնտեսական ճգնաժամը շարունակվում է: Լիբանանյան արժույթը շարունակում է արժեզրկվել՝ մեկ ամսում մոտ 50 տոկոս, բանկերում դոլար չկա, իսկ գնաճը անվերջ նոր ռեկորդներ է սահմանում: Լիբանանի հայ համայնքը, որը ամենահինն է Սփյուռքի համայնքների մեջ և ընդունված է համարել Մայր համայնք, կանգնած է իսպառ վերացման եզրին: Լիբանանահայերն ու Լիբանանում բնակվող սիրիահայերը մասսայաբար դիմում են այդ երկրում Կանադայի դեսպանատուն՝ Կանադա տեղափոխվելու համար: Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ Կանադան սիրով ընդունում է այն ընտանիքներին, որոնք երիտասարդ են, և որտեղ կան 2 և ավելի երեխաներ: Որքան էլ ցավալի լինի, որևէ մեկը չի մտածում Հայաստան հայրենադարձվելու մասին»: