Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի աջակցությամբ, առաջ են մղել, այսպես կոչված, երեք գումարած երեք նախաձեռնությունը, որը զգալիորեն տարբերվում է Միացյալ Նահանգների և արևմտյան այլ գործընկերների վերջին երեք տասնամյակում որդեգրած տեսլականից, ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հարավային Կովկասի վերաբերյալ Turkish Heritage Organization հաստատության քննարկմանը:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», Turkish Heritage Organization հաստատությունը օրերս կազմակերպել էր քննարկում Հարավային Կովկասի վերջին զարգացումների շուրջ: Մասնակիցների թվում էին գործող և նախկին դիվանագետներն ու վերլուծաբանները
«Այսպես կոչված երեք գումարած երեք առաջարկը չափազանց տարբերվող այլընտրանքային տեսլական է, որը դուրս կթողնի ԱՄՆ-ին և որոշ այլ արևմտյան գործընկերներին»,- հայտարարել է Քենթը:

Քենթն ընդգծում է՝ ԱՄՆ աջակցում է Հարավային Կովկասում ժողովրդավարության, բարգավաճման, խաղաղության և անվտանգության հաստատմանը, որը բխում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերից: Նրա կարծիքով վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողությունը չի կարգավորել հակամարտությունը, ինչպես այն չէր կարգավորվել հայկական կողմի հաղթանակի ժամանակ ԼՂ առաջին պատերազմում: Ըստ ամերիկացի դիվանագետի, հակամարտության հիմնական ձևաչափը՝ Մինսկի խումբը այսօր առերեսվում է մի շարք մարտահրավերների: Կարևոր է հասկանալ, թե որքանով են հետաքրքված հակամարտող կողմերը այս մեխանիզմի վերականգման հարցում և ինչ մտադրություններ ունի Մոսկվան այս խնդրի շուրջ, նշել է ամերիկացի դիվանագետը:
«ՌԴ նախընտրեց հաստատել հրադադար Մինսկի խմբի վերահսկման մեխանիզմներից դուրս, որի մասն է այն կազմում: Նրանք հաստատեցին հրադադարը ուղղակիորեն, եռակողմ ձևաչափով»,- նշում է Քենթը:
Ամերիկացի դիվանագետի կարծիքով վերջին պատերազմից հետո ստեղծվել է հնարավորություն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար: Փոխպետքարտուղարի տեղակալը շեշտում է՝ առկա է ուղի՝ 2009 թ-ի համաձայնագրի խոստումները կյանքի կոչելու համար, որն այսօր շատ ավելի արդիական է, քան տաս տարի առաջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ անցյալ տարի աշնանն Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական (իսկ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է ՆԱՏՕ-ի գծով) ագրեսիայի ժամանակահատվածում հրադադարի ռեժմի վերականգնման փորձ է կատարել ոչ միայն Մոսկվան, այլև Փարիզն ու Վաշինգտոնը: Նշված երեք փորձերը ձխողվել են: Միայն նոյեմբերի 9-ին Մոսկվայի ակտիվ միջամտությունից հետո հնարավոր է եղել դադարեցնել պատերազմանակ գործողությունները, որի արդյունքում հայկական կողմը որոշ տարածքներ զիջել է Ադրբեջանին, իսկ Արցախում տեղակայվել են ռուս խաղաղապահներ: