Լիբերմանի նշանակումը ՊՆ պաշտոնում կուժեղացնի՞ Ադրբեջանի լոբբին Իսրայելում

Ավիգդոր Լիբերմանը դեմ չի լինի Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ ընդլայնմամբ, եթե Իսրայելի ռազմաարդյունաբերական համալիրի համապատասխան խորհուրդները լինեն: Իսրայելն առանց այդ էլ բավականին սերտ հարաբերություններ ունի Բաքվի հետ նորագույն և գերճշգրիտ զենքերի առաքման առումով: Այն փաստը, որ Իսրայելը Ադրբեջանին է վաճառել 4,5 միլիարդ դոլարի զենք շատ բանի մասին է խոսում: Եթե Ադրբեջանը ցանկանա ավելի շատ ընդլայնել կապերը, ապա Լիբերմանը, ինչպես նաև Իսրայելը դրան դեմ չեն լինի:

Այդ մասին հայտարարել է իսրայելական Նատիվ հատուկ ծառայության նախկին ղեկավար, դիվանագետ Յակով Քեդմին: Քեդմին նշել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության խորացումն որոշում են ոչ թե պաշտպանության նախարարները, այլ հենց այդ երկրների շահերն ու հատուկ կառույցները, որոնք զբաղվում են ռազմական տեխնիկայի արտադրությամբ, փոխանցում է haqqin.az-ը:

Լիբերմանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում էլ ավելի կամրապնդի Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները: Այդ մասին Trend-ին հայտարարել է իսրայելցի քաղաքական գործիչ, Սաֆադի միջազգային դիվանագիտական և սոցիալական կենտրոն ղեկավար Մենդի Սաֆադին: Նրա խոսքով, այդ նշանակումն ոչ մի կերպ չի անդրադառնա Իսրայելի ներքին իրավիճակի վրա, սակայն կնպաստի Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցության ընդլայնմանը, քանի որ Լիբերմանը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:

Եթե Ավիգդոր Լիբերմանի՝ Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շուրջ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ինչն օգուտ կբերի թե՛ Իսրայելին, թե՛ Ադրբեջանին: Այդ մասին Trend-ին հայտարարել է Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիայի տնօրեն Լև Սպիվակը:

Նրա խոսքով, Լիբերմանն այդ պաշտոնում մեծ օգուտ կտա, քանի որ ունի մեծ փորձ ոչ միայն ռազմական ոլորտում, այլ նաև արտաքին քաղաքական ու ռազմավարական:
Սպիվակի խոսքով, այդ նշանակումն օգուտ կտա նաև Ադրբեջանին, քանի որ Լիբերմանն այն քաղաքական գործիչն է, ով կողմ է Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների հաստատմանն ու կարողացել է իսրայելական քաղաքականությունը դեմքով շրջել դեպի Ադրբեջանը: Նրա խոսքով, Լիբերմանի շնորհիվ երկու երկրների այսօրվա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, այդ թվում պաշտպանական և անվտանգության ոլորտներում:

«Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունից Քնեսեթին պատգամավոր Սոֆա Լանդվերը, մեկնաբանելով Լիբերմանի նշանակումը, հայտարարել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերություններն արժանի են ընդօրինակման: Նրա խոսքով, այդ հարաբերությունները միշտ էլ լավ էին և շարունակելու են այդպիսին մնալ, իսկ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության անդամակցությունը կոալիցիային ավելի մեծ խթան կտան Բաքվի հետ հարաբերություններին:

Հիշեցնենք, որ Ավիգդոր Լիբերմանն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի առաջարկը զբաղեցնել նոր կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնը, փոխանցում է իսրայելական "Курсор"-ը: