Պեկին. ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը տոգորված է Սառը պատերազմի ժամանակների մտածողությամբ

235

Պենտագոնի կողմից հրապարակված ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը տոգորված է Սառը պատերազմի ժամանակների մտածողությամբ եւ «զրոյական գումարով խաղի» մտածելակերպով, այն շեղվում է խաղաղության եւ զարգացման ուղուց: Այս մասին հայտարարել է Չինաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը` մեկնաբանելով ԱՄՆ նորացված միջուկային դոկտրինը: Այս մասին հաղորդում է «Սինխուան»:

Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը կենտրոնանում է աշխարհաքաղաքականության եւ գերտերությունների մրցակցության վրա, այն ընդգծում է անվտանգության քաղաքականության մեջ միջուկային զենքի դերը եւ անտեսում է միջուկային զինաթափման միջազգային հանրության կոչը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ունի աշխարհում ամենամեծ եւ առաջադեմ միջուկային զինանոցը եւ մտադիր է շարունակել զարգացնել իր միջուկային ներուժը. դա կուժեղացնի գլոբալ ռազմավարական անհավասարակշռությունը: Եթե ԱՄՆ-ն հրաժարվի առանց միջուկային զենքի աշխարհ ստեղծելու նպատակից, դա վնաս կհասցնի միջազգային միջուկային զինաթափման գործընթացին:

Նա նշել է, որ Չինաստանը հետեւողականորեն շարունակում է իրականացրել է միջուկային ռազմավարությունը, որը ինքնապաշտպանական եւ պաշտպանական բնույթ ունի, կողմ է միջուկային զենքի ամբողջական արգելմանը եւ ոչնչացմանը:

Դեսպանը հավելել է, որ Չինաստանը երբեք չի մասնակցել եւ չի մասնակցի միջուկային սպառազինությունների մրցավազքին:

Չինաստանի վերը նշված դիրքորոշումը կես դարի ընթացքում անփոփոխ է մնացել այն պահից, երբ Չինաստանը միջուկային զենք ունեցավ, ասել է նա:

Ինչպես նշել է Գեն Շուանը, Չինաստանի քաղաքականությունը խեղաթյուրելու եւ իր միջուկային զինանոցը ընդլայնելու ծրագիրն արդարացնելու ԱՄՆ փորձերն ապարդյուն են: «Մենք հուսով ենք, որ ԱՄՆ կկարողանա հրաժարվել Սառը պատերազմի ժամանակների մտածողությունից եւ «զրոյական գումարով խաղի» մտածելակերպից, իր կարեւոր դերն ունենալ միջուկային զինաթափման գործում, կոնկրետ միջոցներ ձեռնարկել համաշխարհային խաղաղության եւ կայունության ապահովման համար», - ասել է նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ