25.11.2024
Կրեմլը խոստացել է իր ժամանակին պատասխան տալ «կրեմլյան զեկույցին»
prev Նախորդ նորություն

ՀՀ վերլուծական-հետազոտական կենտրոնները ներառվել են Global Go to Think Tank զեկույցում

Հրապարակվել է վերլուծական-հետազոտական կենտրոնների վերաբերյալ (Think Tank) 2017 թվականի «Global Go to Think Tank» վերտառությամբ վարկանշային զեկույցը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանն ու հայաստանյան հասարակական և վերլուծական-հետազոտական կազմակերպությունները:


Tert.am-ի ներկայացմամբ, 2017 թվականի տվյալներով՝ ինդեքսում գիտահետազոտական կենտրոնների ներկայացվածությամբ առաջին տեղում ԱՄՆ-ն է, այստեղից զեկույցում ներառվել է 1872 կազմակերպություն, երկրորդը Չինաստանն է՝ 512 կազմակերպությամբ, երրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է՝ 444 կազմակերպությամբ:


Հայաստանից ներառվել է 17, Ադրբեջանից՝ 15 և Վրաստանից՝ 26 վերլուծական-հետազոտական կազմակերպություն:


Հայաստանից այս զեկույցում վարկանշավորված կազմակերպություններից են՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և այլ կազմակերպություններ:


Զեկույցի կայքում նշված է, որ տարեկան վարկանշային զեկույցը կազմելիս, մինչ անվանակարգերի և ընտրության գործընթացին անցնելը, կազմակերպության թիմը կատարում է լայնածավալ հետազոտություն՝ թարմացնելու և հաստատելու համար վերլուծական-գիտահետազոտական և քաղաքացիական հասարակության ծրագրերի մասին Global Think Tank-ի տվյալների բազան: 60 հետազոտող կամավորներ մեկ ամսից ավելի ժամանակահատվածում հավաքում և հաստատում են տեղեկատվություն բոլոր հայտնի վերլուծական-հետազոտական կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունները վարկանշավորվում են տարբեր անվանակարգերում:


Ըստ այս տարվա զեկույցի՝ «Կենտրոնական Ասիայի լավագույն գիտահետազոտական կազմակերպություններ» անվանակարգում ներառված է հայաստանյան 9, ադրբեջանական 6 և վրացական 10 կազմակերպություն: «Պաշտպանության և ազգային անվտանգության» ոլորտում գործող վերլուծական-հետազոտական կազմակերպությունների անվանակարգում ընդգրկվել է հայաստանյան «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը», այստեղ Հարավային Կովկասից ընդգրկված է նաև ադրբեջանական մեկ կազմակերպություն:


Հայաստանյան կազմակերպություններից մեկը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, ընդգրկված է զեկույցի «Լավագույն հասարակական-քաղաքական» կազմակերպությունների անվանակարգում, այստեղ տարածաշրջանից առկա է մեկ ադրբեջանական կազմակերպություն՝ Տնտեսական և հասարակական զարգացման կենտրոնը, վրացական կազմակերպություն այս անվանակարգում չկա:


«Թափանցիկություն և լավ կառավարում» անվանակարգում այս տարի ներառված է հայաստանյան կազմակերպություններից նորից «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը»:


«Լավագույն շահերի պաշտպանության արշավ» անվանակարգում Հայաստանից ընդգրկված է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության հետազոտության կենտրոնը, այստեղ կա 3 ադրբեջանական կազմակերպություն, վրացական կազմակերպություններ չկան:


Մեր տարածաշրջանում «Ամենաանկախ վերլուծական-հետազոտական կենտրոն» անվանակարգում ներառվել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը. այստեղ Հարավային Կովկասից ադրբեջանական Տնտեսական և հասարակական զարգացման հետազոտությունների կենտրոնն է, Վրաստանից կազմակերպություն չկա:


Նշենք, որ վերջին հինգ տարիների կտրվածքով վիճակագրությունը դիտարկելիս նկատում ենք՝ «Global Go to Think Tank» վարկանշային զեկույցում Հայաստանի ներկայացվածությունը վերլուծական-հետազոտական կենտրոնների թվի առումով աճ է գրանցել, վարկանշավորմանը մասնակցող հայաստանյան կազմակերպությունները 2013-2017 թվականների կտրվածքով ավելացել են՝ 14-ից դառնալով 17: 2013-2016 թթ․ դրանց թիվն անփոփոխ է մնացել՝ 14:


Ադրբեջանի դեպքում պատկերը հակառակն է՝ վերլուծական-հետազոտական կենտրոնների թիվը 5 տարիների ընթացքում պակասել է՝ 17-ից դառնալով 15: Այսպես, 2013 թվականին Ադրբեջանից ընդգրկված է եղել 17 վերլուծական-հետազոտական կենտրոն, 2014-ին՝ 14, 2015-ին՝ 13, 2016-ին՝ 13, իսկ 2017-ին՝ 15:


Վրաստանի դեպքում ներկայացվածության պատկերը բավականին տարբեր է նախորդ տարիների համեմատ․ 2013-2017 թթ. կազմակերպությունների թիվն ավելացել է 13-ով։ Այսպես, 2013-ին զեկույցում ընդգրկված է եղել 13 կազմակերպություն, 2014-ին՝ 14, 2015-ին՝14, 2016-ին՝ 14, իսկ 2017-ին վարկանշավորվել է 26 վերլուծական-հետազոտական կազմակերպություն: