Հայաստանի դաշնակից և ռազմավարական գործընկեր Ռուսաստանը տեղյակ է Բրյուսելի հետ բանակցություններում Երևանի ակնկալիքների և անելիքների մասին: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցին Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովից հետո:
Մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրից պարզ է դառնում, որ Եվրամիությունը շարունակելու է երկխոսել «արևելյան գործընկերների» հետ, բայց այս անգամ ցուցաբերելով ավելի տարբերակված մոտեցում: Փորձագետները և Եվրամիության ներկայացուցիչները դա բնական են համարում, քանի որ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրները Եվրամիության հետ ինտեգրացիայի տարբեր մակարդակներում են գտնվում: Եվրոպական միության տարբերակված քաղաքականության որդեգրման մասին նախկինում հնչող ենթադրությունները հաստատեց ԵՄ հանձնակատար
Յոհաննես Հանը Ռիգայի գագաթնաժողովից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ Նազարյանի՝ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են շատ թափանցիկ, և Ռուսաստանը տեղյակ է «մեր անելիքների և ակնկալիքների մասին»: Ըստ այդմ նա հույս հայտնեց, որ այս անգամ գործընթացը կունենա հաջող ընթացք և ավարտ: «Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ ուղղված չեն այլ պետության դեմ», - պարզաբանեց նա:
Վերջերս իր ելույթներից մեկում Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար
Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան չի ձգտում հետխորհրդային տարածքում «մենաշնորհային ազդեցության» և դեմ չէ նախկին խորհրդային երկրների՝ Եվրամիության հետ համագործակցությանը: «Մենք ճանաչում ենք նրանց իրավունքը վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և զարգացնել հարաբերություներ ԵՄ-ի հետ, սակայն այդ ամենը չպետք է ուղղաված լինի Ռուսաստանի օրինական շահերի դեմ», - նշել էր նա:
Եվրամիության հետ քննարկումների գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը հույս է ներշնչում, որ մինչև տարեվերջ կողմերը կստորագրեն նոր փաստաթուղթ, որը կդառնա ԵՄ-Հայաստան հարաբերություննրի իրավական հիմքը՝ 2013 թ.-ին Վիլնյուսում տապալված Ասոցիացիայի համաձայնագրի փոխարեն: Նազարյանը չմանրամասնեց, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը` միևնույն ժամանակ հավելելով, որ նոր համաձայնագրի ձևավորման գործընթացում հիմնական նպատակն է «ի հայտ բերել համատեղելի տարրերը»:
Երևանի վստահությունը Մոսկվայի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունքի վերաբերյալ գալիս է ՌԴ իշխանությունների հետ քննարկումներից, նկատեց Նազարյանը: «Մենք խորհրդակցություններ ունեցել ենք (ռուսական կողմի հետ)՝ եվրոպական կառույցներում Հայաստանի ներգրավվածության շուրջ: Ռուսական կողմից բացասական տրամադրվածություն չկա», - նշեց Նազարյանը՝ հավելելով, որ վերջերս Հայաստանում էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Մեշկովը և առիթ եղել է անդրադառնալու եվրոպական կառույցներում Երևանի հարաբերություններին ու նաև համագործակցության հարցերին:
Փոխնախարարը ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման կամ բանակցությունների մեկնարկի ժամկետներ չցանկացավ նշել: Նա միայն ասաց, որ Հայաստանը հույս ունի ԵՄ-ի հետ շուտով ստորագրել գիտության, մրցունակության, ավիացիոն ոլորտի, վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկի մասին համաձայնագրերը: Նրա խոսքով, գործընթացը շարունակվում է, և Հայաստանը ձգտում է դրական հանգուցալուծման, սակայն բանակցությունների մասին դվժար է կանխատեսումներ անել, քանի որ դրանք կախված են բովանդակային հարցերի շուրջ քննարկումների ընթացքից:
VERELQ-ի աղբյուրները Հայաստանի կառավարությունում նշում են ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր իրավական հիմքը ձևավորվելու է մինչ այդ համաձայնեցված Ասոցիացիայի համաձայնագրի տեքստի վրա, որը չէր ստրորագրվել 2013թ.-ի Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքում: Նոր համաձայնագիրն իր մեջ ներառելու է ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բաղադրիչ, բացի մաքսային կարգավորման հարցերից, ինչը կհակասեր ՀՀ-ի ԵԱՏՄ-ի անդամակցությանը: