Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են, և մենք մեծապես կարևորում ենք մեր տնտեսական համագործակցությունը»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները, մասնավորապես անդրադարձել են ներդրումային հնարավորություններին, արտահանման դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, դեղագործական արդյունաբերության ոլորտներին։
Նախարարը նաև նշել է, որ արտահանման դիվերսիֆիկացման շրջանակներում Հայաստանում արդեն իսկ բացվել է էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիա, որը նպաստելու է արտադրանքի և ծառայությունների որակի բարելավմանը և հավելել, որ կհիմնվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած ևս 3 տրամաչափարկման լաբորատորիաներ։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։