28.11.2024
Սարգսյանը ԵՄ-Թուրքիա գործարքի մասին. «Էրդողանն անպայման խաբելու է»
01.06.2016
Սարգսյանը ԵՄ-Թուրքիա գործարքի մասին. «Էրդողանն անպայման խաբելու է»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ԵՄ-ը չպետք է կուրորեն հավատա Թուրքիայի նախագահի Ռեջեփ Էրդողանի խոստմանը՝ միգրանտների վերաբերյալ գործարքի մասով: ՀՀ առաջնորդը կարծում է, որ Բրյուսելն ինքնուրույն պետք է լուծի փախստականների հետ կապված հարցերը: Անդրադառնալով այն հարցին՝ կարող է արդյոք ԵՄ հավատալ Թուրքիայի նախագահին՝ Սարգսյանը նշել է, որ չի ցանկանում խոսել ԵՄ-ի փոխարեն, սակայն կարող է ասել իր սեփական փորձից, որ Հայաստանում չեն հավատում Էրդողանին: Սարգսյանի խոսքով, հենց Էրդողանն է արգելափակել հայ-թուրքական հարբերությունների կարգավորման ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում: 2009թ.-ի Ցյուրիխում ստորագրվել են արձանագրություններ՝ Թուրքիայի ու ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Սարգսյանի խոսքով, ԵՄ-Թուրքիա գործարքը շատ փխրուն հիմքի վրա է կանգնած, իսկ այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է, դժվար կլինի այն կյանքի կոչել երկարաժամկետ հեռանկարում: Bild-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ փախստականների հետ կապված գործարքի հնարավոր անհաջողությունն ոչ մի ընդհանուր բան չունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ, որը Բունդեսթագում քննարկվելու է հունիս 2-ին: Բունդեսթագում՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևը պետք է քննարկվի վաղը: Մինչ այդ, նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ այդ փաստաթղթի ընդունումը կարող է վատթարացնել թուրք-գերմանական հարաբերությունները: Սարգսյանը նշել է, որ ՀՀ-ի համար շատ կարևոր է այդ ողբերգության ճանաչումը Գերմանիայի կողմից: Նա հույս է հայտնել, որ գերմանացի քաղաքական գործիչները չեն զոհի բարոյական արժեքներն ու պատմական պատասխանատվությունը րոպեական շահերին: Նա հիշեցրել է, որ Գերմանիան 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, և այսպես թե այնպես պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի ողբերգության համար: