ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկելու ենք մեր հարաբերությունների ողջ ընթացքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Մոսկվայում։ Նշվում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ: Հատկանշական է, որ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցին՝ նշելով, որ դա անձնական հարաբերությունների հարթակում էր։ Մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը շնորհավերել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առիթով: Լրագրողի հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստեր տեսնում է, վարչապետն արձագանքեց. «Ոչ, դա անձնական հարաբերությունների հարթակում էր: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը շատ գնահատում է եւ պահպանում է՝ աշխարհի տարբեր երկրների նախկին եւ ներկա ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ վերջերս, Եվրամիության հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց Ավստրիայի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը»,- ասաց վարչապետը: Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հատարարությանը, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է եռալ, վարչապետն արձագանքեց. «Դե, շոգ էր այսօր բավականին, իսկապես»: