ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել ապագայում երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման առնչությամբ։ Առևտրատնտեսական կապերը զարգացնելու համատեքստում ընդգծվել է Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը։ ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Ավստրիական զարգացման գործակալության գործունեությանը Հայաստանում։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի կառավարությանը՝ Հայաստանի կայուն զարգացման ջանքերին աջակցելու համար։ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Միխայել Լինհարտին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայկական կողմը գոհունակություն է հայտնել ավստրիական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։