Արցախից տեղահանվածներին ևս 2 ամիս ժամկետով դրամական օգնություն կտրամադրվի
Կառավարության հունվարի 27-ի որոշմամբ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 2 ամիս ժամկետով դրամական օգնություն կտրամադրվի։
Ինչպես հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հունվար-փետրվար ամիսների համար դրամական աջակցություն է տրամադրվում արցախցիներին։
Նրա խոսքով, այդ որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև որոշների զբաղվածության խնդիրները:
Ըստ այդմ մարդիկ գտնվում են սոցիալապես ոչ բարենպաստ իրավիճակում, ինչպես նաև պայմանավորված ձմեռակացի հնարավոր դժվարություններով կառավարությունը առաջարկվում է աջակցության ժամկետները ևս 2 ամսով երկարաձգել՝ դրամական աջակցության հետևյալ չափերով։
«Անչափահասներին և առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40 հազար դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից՝ ամսական 20 հազարական դրամ»,- ասաց նախարարը։