25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
prev Նախորդ նորություն

Ամենաազդեցիկ նախագիծը Հայաստանի «Հյուսիս – Հարավ» ճանապարհն է. Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին կարևորել է Հայաստանով անցնող այլ տարանցիկ ուղիները, որոնք «Հյուսիս – Հարավ» միջազգային միջանցքի մաս են կազմում և կարևոր նշանակություն ունեն Թեհրանի համար:


«Բոլոր երկրներն արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու տարբեր ուղիներ են փնտրում: Այդ իսկ պատճառով Հայաստանի տարածքով երթուղիները մեզ համար շատ կարևոր են: «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի մաս կազմող «Հյուսիս – Հարավ» ճանապարհային նախագիծը և Հայաստանով անցնող այլ տարանցիկ ուղիները, որոնք «Հյուսիս – Հարավ» միջազգային միջանցքի մաս են կազմում, կարևոր նշանակություն ունեն Իրանի համար», - «Արմենպրեսին» տված ծավալուն հարցազրույցում ասել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:


Նրա նշել է, որ Իրանի հարավային նավահանգիստներից մինչև Հայաստանի սահման համապատասխան երկաթուղային ուղիներ և մայրուղիներ կան, և օրակարգում է գտնվում այդ երթուղիների հետագա ընդլայնման հարցը: «Երկու երկրների սահմանից մինչև Քաջարան ընկած հատվածի հարցում երկու կողմերն էլ համաձայնել են, որ ճանապարհը պետք է բարեկարգվի, և մենք պատրաստ ենք այդ նախագծին հնարավոր մասնակցություն ցուցաբերել», - ասել է նա:


Նրա խոսքով, հիմնական և ամենաազդեցիկ նախագիծը Հայաստանի «Հյուսիս – Հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի մի մասն է, որը Քաջարան և Սիսիան քաղաքները ուղղակիորեն միացնում է մի շարք կամուրջներով և թունելներով:


«Այս նախագծի իրականացման արդյունքում սահմանից մինչև Երևան երթուղին կկրճատվի մոտավորապես 60 կիլոմետրով, իսկ ժամանակի առումով կնվազի մոտ 2-3 ժամով, ինչը կարևոր զարգացում կլինի: Այդպիսով, հարմար տարբերակ կստեղծվի Իրանի հարավային նավահանգիստներից Սեւ ծով բեռների փոխադրման համար, ինչը գրավիչ կլինի ոչ միայն Իրանի ու Հայաստանի, այլեւ այս երթուղու երկու կողմում գտնվող բազմաթիվ երկրների համար», - ասել Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը:


Նա կարևորել է Իրանը Հայաստանին միացնող երկաթուղային տարբերակը՝ հատկապես տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ ընթացող բանակցությունների շրջանակում: «Որովհետև մենք մինչև Ջուլֆա երկաթգիծ ունենք, և եթե ապաշրջափակման վերաբերյալ համաձայնությունը վերջնական տեսքի բերվի և կյանքի կոչվի՝ Երևանի հետ կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային գծով», - նկատել է դիվանագետը:


Այնուհետև ընդգծել, որ կարևորում են Նորդուզի սահմանից Սյունիքի մարզով դեպի Երևան տանող ցամաքային ճանապարհը:


«Սա մեր կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին է: 2020 թ. պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց մենք Գորիս–Կապան ճանապարհահատվածում երթուղու խափանումների ականատես եղանք: Հայաստանի կառավարությունը այլընտրանքային երթուղի ստեղծելու համար մեծ ջանքեր գործադրեց, և իրանական բազմաթիվ մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ օգտվում են Տաթևի այլընտրանքային ճանապարհից:


Տաթև-Գորիս ճանապարհահատվածում կան որոշակի խնդիրներ, ինչը երբեմն խոչընդոտում է կցորդով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությանը: Մենք ուշադիր հետևում ենք Տաթև-Լծեն ճանապարհի նախագծի իրագործմանը և հուսով ենք՝ այդ նախագծի աշխատանքները գարնանը կավարտվեն, ինչի շնորհիվ լուծում կստանան ընթացիկ խնդիրները», - ասել է նա: