9.05.2025
Իրանի ապամեկուսացումը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա. փորձագետներ
10.04.2015
Իրանի ապամեկուսացումը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա. փորձագետներ

Վերջին 25 տարվա ընթացքում Իրանը Հարավային Կովկասում հանդես է եկել խոշոր, սակայն հիասթափված դիտորդի կարգավիճակում՝ հետեւելով հյուսիսում կատարվող իրադարձություններին, սակայն դրանցում ունենալով փոքր մասնակցություն: Այժմ միջնորդ «վեցնյակի» և Իրանի միջև Ժնևում ձեռք բերված միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն Արևմուտքի և Թեհրանի միջև նոր մերձեցման հեռանկար է բացում, և Իրանի կովկասյան հարևանները հարցնում են, թե արդյո՞ք կփոխվի Իրանի կարգավիճակը, գրում է «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը: Ինչպես գրում է Դե Վաալը, Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահմաններ ունի ու, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան, վաղեմի կայսերական ուժի զգացողություն, որ այս հողերն ինչ-որ կերպ դեռ «մերն են», չնայած նրան, որ իր գաղութային իշխանությունն ավարտվել է 1828 թվականին: Դե Վաալը նշել է, որ կանխատեսումները, որ Խորհրդային միության փլուզումից հետո Իրանը խոշոր խաղացող կդառնա տարածաշրջանում, չիրականացան. Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միացան Ռուսաստանի կողմից ղեկավարվող կամ եվրոպական կազմակերպությունների: Թեհրանի փորձը՝ որպես խաղաղության միջնորդ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, ֆիասկոյով ավարտվեց: Ըստ նրա՝ Իրանը դուրս է մնացել Ադրբեջանի խոշոր նավթային և գազային նախագծերից, և Իրանից հյուսիս կառուցվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարը: Ինչպես նշում է հեղինակը, Իրանը տարածաշրջանում ամենաշատը կապված է Հայաստանի հետ: Նա հիշեցնում է անցած տարի Հայաստանում Իրանի դեսպանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջինս նշել էր, որ Իրանը չի հանդուրժի երրորդ երկրի խաղաղարար ուժեր ԼՂ հակամարտության գոտում: Փորձագետը նշում է, որ Իրանի «բացվելը աշխարհին» չի բերի Հարավային Կովկասում Թեհրանի ազդեցության աճին, քանի որ Իրանը շատ բան է կորցրել վերջին 25 տարվա ընթացքում: Նշենք, որ VERELQ-ի փորձագետների կարծիքով, ի տարբերություն ԱՄՆ-ի, ում ազդեցությունը պայմանավորված է քաղաքական ճնշմամբ և դոլարային լծակի օգնությամբ տնտեսական թելադրանքով, Իրանը տարածաշրջանում միշտ ունեցել է և կունենա ազդեցություն, հնարավոր է թաքնված, սակայն ավելի մեծ ներուժով, քան ԱՄՆ-ի ազդեցությունը: «Իրանը տարածաշրջանի ժողովուրդների հետ կապված է մշակութապես, մենթալիտետի մակարդակում, կրոնական առումով և ուղղակի ազգակցական կապերով, ինչպես ադրբեջանցիների դեպքում: Իրանը տնտեսապես հետաքրքրիր է Հայաստանի և Ադրբեջանի համար՝ նրանք Իրանի հետ էներգետիկ նախագծեր են իրականացնում: Հայաստանի պարագայում, Իրանը հանդիսանում է անվտանգության կարևոր գործոն և այլընտրանքային տրանսպոտային ուղղություն», - նշում են փորձագետները: Իրանի հարցով առաջատար հայ մասնագետ Գառնիկ Ասատրյանը գտնում է, որ պատժամիջոցների թուլացումը կարող է հանգեցնել տարածաշրջանային մաշտաբային տեղաշարժերի: Նրա կարծիքով, տնտեսական շահերն առաջ տանելուն զուգահեռ Թեհրանը կփորձի վերականգնել մինչ այդ կորցված քաղաքական դիրքերը: «Ուղղակի այժմ նա դա անելու է Արևմուտքի լռության կամ թույլտվության պայմաններում և համաշխարհային նավթային շուկաներ վերադառնալուց հետո: Դա լրջորեն կթուլացնի Թուրքիայի տարածաշրջանային դիրքերը, ինչը բխում է Հայաստանի շահերից», - նշել է Ասատրյանը: