26.11.2024
Սիրիայի ԱԳՆ. ԱՄՆ-ը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի նպատակ չի հետապնդում
prev Նախորդ նորություն

Իրանն ու Ադրբեջանը երկաթգծի շինարարության մասին հուշագիր են ստորագրել

Իրանն ու Ադրբեջանը երկաթգծի շինարարության մասին հուշագիր են ստորագրել՝ հինգ միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Իրանի և Ադրբեջանի տնտեսական հանձնաժողովի համատեղ նիստում Թեհրանում:

Հյուսիս-Հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպան Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կհանդիսանա Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի երկաթգծերի միջև: Վերոնշյալ նախագիծը ենթադրում է իրանական և ադրբեջանական Աստարաների միջև սահմանային երկաթգծային կամրջի կառուցում և ութ կմ-ոց երկաթգծի շինարարություն Ադրբեջանի տարածքում, փոխանցում է sputnik.az-ը:

Մինչ այդ, ադրբեջանական Աստարա քաղաքում կայացել է ադրբեջանա-իրանական առևտրա-տնտեսական և հումանիտար համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հանդիպումը ընդլայնված կազմով:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը Հյուսիսի-Հարավ նախագծի արդյունավետության բարձրացումն է, նոր նախագծերի նախապատրաստումը և այդ ուղղությամբ աշխատանքների քննարկումը: Նախարարի խոսքով, Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագծի իրականացումը երկու երկրներին քաղաքական և տնտեսական դիվիդենտների կբերի, փոխանցում է ԱՊԱ-ն:

Իրանցի նախարարը նշել է որ Ադրբեջանի ու Իրանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքը ոչ միայն կապող օղակ կհանդիսանա Իրանի ու Ադրբեջանի տարանցիկ ուղիների համար, այլ բարենպաստ պայմաններ կստեղծի Եվրոպայից դեպի Հնդկաստան բեռնափոխադրումների իրականացման համար: