Հայաստանի կառավարության՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձեւակերպումներ, որոնք կարող են որեւէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:
ՄԻԵԴ-ի որոշումը. ո՞վ հաղթեց
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հոկտեմբերի 15-ին հրապարակել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որի համաձայն թուրք քաղաքական գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտման ազատություն):
2007թ. մարտին թուրք ազգայնական
Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց Ցեղասպանության ժխտման համար: Նա Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի էր տվել ռասայական խտրականության հոդվածով:
Դատարանի որոշման մեջ ասված է, որ դատավորները պետք է հավասարակշռություն պահպանեին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ եւ 8-րդ հոդվածների միջեւ: 8-րդ հոդվածը վերաբերվում է մասնավոր կյանքը հարգելուն եւ, դատարանի բնորոշմամբ, այն պաշտպանում է զոհերի եւ այսօր ապրող հայերի արժանապատվությունը, հայտնում է
Մեդիամաքսը
Միաժամանակ, դատարանի որոշման մեջ ասված է. «Դատարանն ընդգծում է, որ այն լիազորված չի եղել պարզել, թե արդյո՞ք հայ ժողովրդի կոտորածները եւ զանգվածային տեղահանությունը Օսմանյան կայսրությունում կարող է բնորոշվել իբրեւ «ցեղասպանություն», քանի որ, ի տարբերություն միջազգային քրեական դատարանների, նման իրավական որոշումներ կայացնելու լիազորություն չունի»:
Հայաստանը 2014թ. օգոստոսից «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում ներգրավված էր որպես երրորդ կողմ: Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանում էին փաստաբաններ
Ամալ Քլունին եւ
Ջեֆրի Ռոբերտսոնը:
ՄԻԵԴ վճիռը ստվեր է գցում ճանաչման գործընթացի վրա
«Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան, որը 2005թ. հուլիսին բողոք էր ներկայացրել ընդդեմ Դողու Փերինչեքի՝ վերջինիս կողմից Հայոց ցեղասպանությունը «միջազգային կեղծիք» անվանելու համար, ափսոսանք է հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հրապարակած վճռի կապակցությամբ:
Ասոցիացիայի տարածած հաղորդագրությունում ասված է, որ ՄԻԵԴ վճիռը ստվեր է գցում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ընթացքում տեղի ունեցած ճանաչումների վրա, այդ թվում՝ ապրիլի 12-ին Վատիկանի
Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարության վրա, որով նա հայերի կոտորածներն անվանել էր XX դարի առաջին ցեղասպանությունը:
««Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան վերահաստատում է, որ թեւե խոսքի եւ արտահայտման ազատությունը հիմնարար եւ կենսական է ժողովրդավարական հասարակություններում, այնուամենայնիվ, այն բացարձակ չէ: Արտահայտման ազատությունը չի կարող կիրառվել պատմությունը վերաշարադրելու, մասնավորապես՝ ցեղասպանությունները ժխտելու կամ արդարացնելու համար»,- ասված է ասոցիացիայի հաղորդագրությունում:
Ասոցիացիան ընդգծել է, որ դատարանի վճիռը վերաբերում է բացառապես Փերինչքեի դեմ Շվեյցարիայում հրապարակված դատական որոշմանը եւ այն հարցականի տակ չի դնում հակառասիստական դրսեւորումների դեմ օրենքը, որը ներկայում գործում է Շվեյցարիայում:
Դատախազության պարզաբանումը
Հրապարակած վճռում, ասված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ, Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից:
«Այնուհետեւ, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որեւէ իրավասություն` անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում:
Դատարանը վճռում նաեւ արձանագրեց, որ հայերն ունեն իրենց եւ իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակում, որն առնչվում է Ցեղասպանության հետեւանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաեւ դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները եւ դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակում:
Եվ վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը սահմանեց, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը եւ դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակում»,- նշել են Գլխավոր դատախազությունում: