Ռուսաստանի Դաշնության 640 քաղաքներում Հայոց ցեղասպանությանը նվիրված ավելի քան 2000 միջոցառում տեղի կունենա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցով խորհրդի անդամ Արա Աբրահամյանը։ «Աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և մեզ հետ միասին նշում է առաջադեմ մարդկությունը՝ տասնյակ, հազարավոր միջոցառումներով։ Ես այսօր խոսելու եմ Ռուսաստանի հայերի միության մասին. Ռուսաստանի 640 քաղաքներում է նշվելու այն՝ 3-ից 5 միջոցառում յուրաքանչուրում»,- մամուլի ասուլիսի ընթաց քում հայտարարել է Աբրահամյանը, հայտնում է РИА Новости գործակալությունը: Նրա խոսքով՝ միայն Մոսկվայում տեղի է ունենալու իրադարձությանը նվիրված ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ցուցահանդեսներ, կլոր սեղաններ։ «Ռուսաստանի 640 քաղաքներում ավելի քան 2000 միջոցառում։ Դա նշանակում է, որ մեզ հետ մեր ցավը կիսում է նաև ռուս ժողովուրդը»,- տեղեկացրել է Աբրահամյանը: Աբրահամյանը նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ հստակ է արտահայտել իր տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլին մասնակցելու է Հայաստանում կայանալիք միջոցառումներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունից հայտնել էին, որ Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում: