19.03.2026
Թբիլիսին ու Թեհրանը բանակցում են Հայաստանի տարածքով գազ տարանցելու համար
18.02.2016
Թբիլիսին ու Թեհրանը բանակցում են Հայաստանի տարածքով գազ տարանցելու համար

Թեհրանն ու Թբիլիսին բանակցում են Իրանում արդյունահանված շուրջ 200 միլիոն խորանարդ մետր գազի` Հայաստանի տարածքով Վրաստան արտահանման հեռանկարների շուրջ: Այս մասին երեկ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի և Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեի միջև Թեհրանում կայացած բանակցությունների ավարտին հայտարարել է դրանց մեկ այլ բարձրաստիճան մասնակիցը` Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին, հայտնում է TACC գործակալությունը: «Վրաստանի թե՛ մասնավոր և թե՛ պետական սեկտորի ընկերությունները շահագրգռված են իրանական գազի ձեռքբերման հարցում: Ակնկալվում է, որ գազի արտահանումը Վրաստան կմեկնարկի իրանական տոմարով նոր տարում, այսինքն մարտի 21-ից հետո»,- հայտարարել է Քամելին` նշելով, որ սկզբում կողմերը նախնական համաձայնագիր կստորագրեն: «Առաջին համաձայնագրի գործողության ժամկետը յոթ ամիս է լինելու: Այդ համաձայնագիրը հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար: Եթե գործարքի տնտեսական նպատակահարմարությունը ապացուցվի փորձով, արդեն կքննարկվեն Վրաստան գազի արտահանման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,- նաև ասել է իրանցի պաշտոնյան: Քամելիի խոսքով, սակայն, իրանական գազի արտահանման այս տարբերակը կյանքի կոչելուց առաջ «Վրաստանը Հայաստանից այդ երկրի տարածքով գազի տարանցման թույլտվություն պետք է ստանա»: Թեհրանում չեն հստակեցնում, թե տեխնիկապես ինչպես է հնարավոր գործող խողովակաշարերի պարագայում Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան գազի արտահանում իրականացնել: Դեռ դեկտեմբերին ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ խոսքն, ըստ ամենայնի, այսպես կոչված «սվոփային մատակարարումների» մասին կլինի: Այդ դեպքում Իրանը կարող է գազ մատակարարել Հայաստանին «Գազպրոմ»-ին պատկանող գազատարով, ռուսական ընկերությունն էլ նույն ծավալի գազ կմատակարարի Վրաստանի տարածք` «Հյուսիս-Հարավ» մագիստրալային խողովակաշարով, հայտնում է Ազատությունը: Հարկ է նկատել սակայն, որ Իրանի հետ կնքվելիք գազային գործարքների մասին Վրաստանի իշխանությունները առայժմ որևէ հստակ տեղեկատվություն չեն հաղորդում: Վրաստանի էներգետիկայի նախարարն առայժմ գերադասում է խոսել միայն էլեկտրաէներգիայի սեզոնային մատակարարումների հնարավորության մասին, որոնց ընթացքում, ըստ Կալաձեի, Հայաստանը տարանցիկ դեր կխաղա: «Հետաքրքրական է, որ գարնանն ու ամռանը, երբ մեր երկրում էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջրային ռեսուրսների ավելցուկ է նկատվում, Իրանը հակառակը` էլեկտրականության սուր պահանջարկ է զգում և ներկրումներ է իրականացնում Հայաստանից: Նման իրավիճակում մենք հնարավորություն ունենք Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարումներ իրականացնել դեպի Իրան, իսկ ձմռանը, երբ Վրաստանում էներգիայի սպառումը առավելագույն ցուցանիշների է հասնում, մենք կարող ենք հակառակ քայլին դիմել` Հայաստանի տարածքով Իրանից էլեկտրաէներգիա ներկրելով»,- ասել է Կալաձեն: Կախա Կալաձեի՝ Թեհրանում անցկացրած բանակցությունները միայն էներգետիկ համագործակցությամբ չսահմանափակվեցին: Իրանական աղբյուրները փոխանցում են, որ Կալաձեն Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Մորտեզա Սարմադիի հետ բանակցությունների ժամանակ ուրվագծել է այն հիմնական ոլորտները, որոնցում Թբիլիսին մտադիր է խորացնել հարաբերությունները Իրանի հետ: Էներգետիկայից բացի նշվել են նաև տուրիզմն ու տարանցիկ փոխադրումները: