Հայաստանը ժողովրդավարությունն ամրապնդելու մեր ջանքերում բախվում է բազմաթիվ մարտահրավերների, որոնցից ամենամեծը անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները: Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանի քաղաքացիները չեն թերագնահատում ժողովրդի կառավարման արժեքը։ «Մենք դրա համար պայքարել ենք մեր նորագույն պատմության ընթացքում։ 1991-ին քվեարկելով անկախության օգտին՝ մենք նաև վերականգնեցինք բազմակուսակցական համակարգը և քաղաքական իրավունքների շրջանակը, որը կոչված է հզորացնել անհատ քաղաքացուն», - ասել է նա:
Վերջին երեք տարիների ընթացքում, վարչապետի խոսքով, հայերը երկու անգամ նախընտրել են ժողովրդավարությունն ավտորիտարիզմից: «Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։ Երկրորդը տեղի ունեցավ 2021 թվականին՝ ավերիչ պատերազմից հետո։ Հայերը կրկին գնացին ընտրության, որպեսզի մենք չվերադառնանք անցյալի ճանապարհներին։ Իսկապես, ժողովրդավարությունը մշտական աշխատանք է, որն ընթացքի մեջ է», - նշել է նա ու հավելել, որ Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության ամրապնդմանը՝ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման միջոցով:
Վարչապետը նաև խոսել է թափանցիկությունն ու հաշվետվողականություն հիման վրա կառավարման բարեփոխումների մասին, որոնց նպատակն է ձևավորել հավատ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի մեր գործընկերների շրջանակներում։ «Մինչև 2026 թվականը մենք նպատակ ունենք հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից հասնել 60-ի, և Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի», - ասել է նա:
Ժողովրդավարությունն ամրապնդելու ջանքերում Հայաստանը, Փաշինյանի խոսքով, բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների: «Մեզ համար ամենամեծ մարտահրավերը մեր անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։ Մեկ այլ մարտահրավեր է երկրի ներսում ժողովրդավարության համար պայքարը: Այդ մարտահրավերը բարդանում է, երբ սպառնալիքներ են ի հայտ գալիս մեր սահմաններից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք», - ասել է նա:
Հատկանշական է՝ 23 նոյեմբերին կայացած առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին բարձրաձայնելու է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին:
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պահվածքը պետք է քննարկման առարկա դառնա ոչ միայն եռակողմ ձևաչափով, այլև ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ում, Հաագայի դատարանում, ՄԻԵԴ-ում։ Ես պատրաստվում եմ մասնակցել ԱՄՆ-ի Ժողովրդավարության գագաթնաժողովին, որը տեղի կունենա առցանց, եւ այնտեղ էլ պատրաստվում եմ (բարձրացնել) այդ հարցը։ Այն, ինչ անում է Ադրբեջանը և նրան սատարող երկրները, դա հարձակում է ինքնիշխանության, պետականության, անվտանգության վրա, իսկ այժմ արդեն կարելի է ասել նաև Հայաստանի ժողովրդավարության վրա», - խոստացել էր Փաշինյանը, որը սակայն կատարեց հպանցիկ՝ առանց հիշատակելու ագրեսիա իրականացրած Ադրբեջանի անունը։