22.11.2024
Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 8 հայ զինծառայող. ՊՆ
prev Նախորդ նորություն

Մոսկվայում կայացել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի առաջին նիստը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՌԴ, Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի փոխարտգործնախարարների համանախագահությամբ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի առաջին նիստի անցկացման կապակցությամբ:


«Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա.Յու. Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խ. Ա. Խալաֆովի, Հայաստանի Հանրապետության ԱԳ փոխնախարար Վ. Ա. Գեւորգյանի, Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ս. Օնալի, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Ա. Հագիգիանի նախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել են, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց», - ասված է հայտարարության մեջ։


Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել գործնական հարցերում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար։ Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին:


Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Վրաստանի՝ պլատֆորմի աշխատանքին միանալու հարցում, որի համար «դուռը» բաց է մնում:


Քննարկվել են հետագա անելիքները՝ պրոֆիլային նախարարությունների ու գերատեսչությունների հնարավոր միացմամբ», - ասված է հայտարարության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի մակարդակով "3+3" ձևաչափով հանդիպմանը մասնակցելու որոշման մասին:


«Մենք բազմիցս նշել ենք, որ կարող ենք շահագրգռված լինել «3+3» ձևաչափով, եթե այդ ձևաչափը չի կրկնօրինակի այլ հարթակներում մեր կողմից քննարկվող հարցերը։ Մենք այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսական կողմի հետ, և ազդանշան ենք ստացել, որ իրենք էլ են կիսում այդ տեսակետը», - ասել է վարչապետը։