Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով առաջին նիստը տեղի կունենա Մոսկվայում
«3+3» ձեւաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության եւ կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով եւ կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով մեր նախագահ [Թուրքիա Թայիփ Էրդողան] եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկած «3+3» ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունում։- Նիստին, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի փոխարտգործնախարարները, մեր երկիրը կներկայացնի մեր պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար դեսպան Սեդաթ Օնալի գլխավորությամբ»։
VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի մակարդակով "3+3" ձևաչափով հանդիպմանը մասնակցելու որոշման մասին:
«Մենք բազմիցս նշել ենք, որ կարող ենք շահագրգռված լինել «3+3» ձևաչափով, եթե այդ ձևաչափը չի կրկնօրինակի այլ հարթակներում մեր կողմից քննարկվող հարցերը։ Մենք այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսական կողմի հետ, և ազդանշան ենք ստացել, որ իրենք էլ են կիսում այդ տեսակետը։
Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա նախնական հանդիպում «3+3» կամ «3+2» ձևաչափով, որին Հայաստանը կմասնակցի արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով՝ սահմանված ձևաչափին համապատասխան։ Այս նախնական նիստում կքննարկվեն հետագա անելիքները։ Շարունակությունը կախված կլինի այդ քննարկումների արդյունքներից», - ասել է վարչապետը։