Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը լսել է տեղի հայերի առջև ծառացած սոցիալական խնդիրների մասին
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասն դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով ժամանել է Սամցխե-Ջավախք։ Նա այցելել է Ախալցիխե, Նինոծմինդա, ապա հանդիպել է Ախալքալաքի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման գրասենյակում։ Այս մասին գրում է Jnews կայքը։
Ֆրանսիայի դեսպանի այցի նպատակն էր ծանոթանալ Ախալքալաքում ինտեգրացիոն գործընթացին և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են կրթության, տնտեսության, ենթակառուցվածքների ոլորտում առկա խնդիրների, փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև Ջավախքում խիտ բնակեցված հայերի առջև ծառացած սոցիալական խնդիրների, տարբեր խնդիրների նկատմամբ պետության մոտեցումների, ապակենտրոնացման և շատ այլ հարցերի մասին։
Դեսպանը նշել է, որ կարևոր է հենց տեղում ներկա գտնվելը՝ ինտեգրման և այլ խնդիրների հետ կապված իրավիճակը ավելի լավ հասկանալու համար։
«Եթե ես կարողանամ լավ հասկանալ, թե ինչ է կատարվում, ապա հնարավոր է, որ ես կարողանամ օգտակար բան անել Ձեզ համար: Եվ հետևաբար, դա ինձ համար հետաքրքիր է», – ասել է Դիեգո Կոլասը: