24.11.2024
Զախարովա. Որոշ լրագրողներ սենսացիա են մոդելավորում, թե Մոսկվան ցանկանում է Թուրքիան ներառել կարգավորման գործընթաց
prev Նախորդ նորություն

Խանումյան. Վիտալի Բալասանյանը բավարար հեղինակություն ունեցող գործիչ է

Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանում պարեկապահակային ծառայության գունդը հուլիսի 17-ից զավթած «Սասնա ծռներ» զինված խմբի հետ բանակցելու Արցախից ժամանել են Պարգև Սրբազանն ու Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Վերջինս, սակայն, բանակցություններից մանրամասներ լրագրողներին չներկայացրեց:

VERELQ-ի հետ զրույցում Բալասանյանի գործընկեր, ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն ասաց, որ զրուցել է Վիտալի Բալասանյանի հետ, սակայն չէր ցանկանա մանրամասներ հաղորդել, քանի որ ընթանում է հրապարակմանը ոչ թե ենթակա գործընթաց: Բայց ինքը հույսեր է կապում Բալասանյանի միջնորդության հետ, թեև այն կարծիքին է, որ միջնորդելը շատ անշնորհակալ գործ է:

«Վիտալի Բալասանյանը բավարար հեղինակություն ունեցող անձնավորություն է, որպեսզի կարողանա միջնորդություն իրականացնել և փորձել հանգուցալուծել իրավիճակը: Նա անշուշտ կփորձի եզրեր գտնել կողմերի միջև, բայց այս պահին կդժվարանամ ասել, թե արդյո՞ք հանգուցալուծումը տեսանելի է: Սպասենք զարգացումների»,- հորդորեց նա:

Խանումյանը խուսափեց ասել, թե Բալասանյանի միջնորդությունն իր մեջ լավատեսություն արթնացրել է, թե ոչ, միայն կրկնեց, որ գործչի բավարար հեղինակությունն անշուշտ նորմալ միջնորդություն իրականացնելու համար հերիք է: Ըստ ԼՂՀ ԱԺ պատգամավորի՝ այստեղ, սակայն, միայն լավ միջնորդ լինելը քիչ է, հարկավոր է, որպեսզի կողմերը ցանկություն ունենան հանգուցալուծման գալու: Հարցին՝ այս պահին նման պատրաստակամություն տեսնո՞ւմ է, Խանումյանն արձագանքեց.

«Դժվար է ասել. երկու օր առաջ զինյալ խմբի անդամների հետ հեռախոսակապս կտրվեց, նրանց հետ այլևս չեմ զրուցել, իսկ իշխանությունների կարծիքն ընդհանրապես չգիտեմ»:

Նշենք, որ ՊՊԾ գունդ այցելելուց հետո Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը երեկ լրագրողներին ասաց, այդ 25 զինյալ տղաները՝ Պավլիկ Մանուկյանի գլխավորությամբ, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն, հանդարտ, խաղաղ կերպով արագ այս հարցը լուծեն, այլապես դա նորից բերելու է ողբերգության, որը ոչ մեկիս ձեռնտու չէ: