ՀՀԿ-ը բացատրեց «Սասնա ծռեր» խմբի գործողությունների շուրջ յուր լռության պատճառը
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպած ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործողությունների շուրջ Երևանում ստեղծված իրավիճակին, ասել է. «Այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորումն է»։
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման կողմնակից է։ Հարցին, թե ինչո՞ւ Նախագահը կոչով չի դիմել ժողովրդին, իսկ իշխանությունը չի արձագանքում «Սասնա ծռեր» խմբի պահանջներին, Շարմազանովն ասել է. «Պահանջների մասին ժամանակը չէ խոսելու, այսօր խնդիրը բանակցելն է։ Հայաստանում կա իշխանություն, և ԱԱԾ-ն պարբերաբար պաշտոնական հայտարարություններ է արել։ ԱԱԾ-ն իշխանության մասն է»։
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին Խորենացու փողոցում ցույցը ցրելու ժամանակ՝ Շարմազանովն ասել է. «Մեր ուժային կառույցները հիմնականում ունեցել են մի նպատակ՝ առանց արյունահեղության հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը»։
ՀՀԿ-ականների լռության առթիվ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը հետևյալն է. «Հարցեր կհնչեն, թե ինչու հանրապետականները հարցազրույցներ չենք տվել, չենք ներկայացրել մեր տեսակետը։ Մեր, և կոնկրետ իմ լռությունը պայմանավորված է եղել խաղաղ բանակցությունները չխոչընդոտելու ցանկությամբ: Հավատում եմ, որ բոլոր կողմերում հանդուրժողականությունը, խիղճը կհաղթի և մենք կխուսափենք նոր արյունահեղությունից։ Հայաստանում մենք թշնամիներ չունենք: Տեղի է ունեցել ողբերգություն, մենք կորցրել ենք մեր ժողովրդի պաշտպաններից մեկին»։
Արդեն 6-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները, մուտք գործելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Առ այսօր նշված տարածքում պատանդի կարգավիճակով գտնվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ևս երկու ոստիկան: Նրանից մի քանիսը մինչ այդ ազատ են արձակվել տարբեր պատճառներով:
Նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգայսնի հրաժարականը եւ ազատ արձակել իրենց առաջնորդ, "Հիմնադիր խորհրդարանի" վարչության անդամ Ժիրայր Սէֆլիյանին, ում շաբաթներ առաջ ձերբակալել էին պետական հեղաշրջման պատրաստման մեղադրանքով: