23.11.2024
Աշխարհը չէր սպասելու, թե երբ ՀՀ-ն վերջապես կկառուցի «Հյուսիս-Հարավ» մայրուղին. փորձագետ
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը պարտավորեցրել Ադրբեջանին․ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումների վերաբերյալ.


Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումները:


Այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը, և դատարանի առջև մեր դիրքորոշումների հաստատումը:


Հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիմումում Հայաստանն ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ ռասայական դրդապատճառներով սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականության վերաբերյալ:


Դատարանը գտել է, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել է հետևյալը.


1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը»,


2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»,


3․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:


Հատկանշական է նաև, որ Հայաստանի կողմից ներկայացված՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցադիմումի բանավոր լսումների ժամանակ Դատարանը հիշատակել է Ադրբեջանի ներկայցուցչի պաշտոնական հայտարարությունը, որ այսպես կոչված «Ռազմավարի պուրակից» հեռացվել են հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում հայ զինվորների կրած սաղավարտների ցուցադրությունը և ապագայում դրանք այլևս չեն ցուցադրվի:


Հատկանշական է, որ Դատարանը իր վճռով միայն Ադրբեջանին է պարտավորեցրել՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու խտրականությունն ու դրա հրահրումը, «այդ թվում՝ իր պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»:


Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչեցվող հայատյացության հռետորաբանությունը, Ադրբեջանի վերահսկողության կամ իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիսանում տարածարջանում լարվածության նվազեցման և խաղաղ զարգացման համար:


Հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ Դատարանի վճիռները ճանաչում են այս իրողությունները և դրանց հասցեագրման համար ստեղծում են միջազգային իրավունքի համաձայն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ:


Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշումների կատարմանը և Դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին։


Դատարանի որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի՝ այս ընթացքում հնչեցրած ահազանգերի լեգիտիմությունը գերիների և այլ պահվող անձանց, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության, Ադրբեջանի կողմից հնչող հայատյաց հռետորաբանության վերաբերյալ:


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության և մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին և կոչ անում շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ: