Հրապարակվել են գերությունից վերադարձած զինծառայողների ցուցմունքները. դատախազության կոչը
Վերջին շրջանում նկատելի է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի տարբեր դրվագներին առնչվող քրեական կոնկրետ գործերով իրականացվող նախաքննության փուլում այդ գործերով տարբեր կարգավիճակներով անցնող անձանց շահերը ներկայացնող փաստաբանների կողմից տարբեր ձևաչափերով, իրենց հետաքրքրություններից ելնելով՝ աղճատված բովանդակությամբ նախաքննական նյութեր, այդ թվում նաև դատավարության մասնակիցների նախաքննական ցուցմունքներից պատառիկներ հրապարակելու, հանրայնացնելու դեպքերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հերթական նման դրսևորումը վերաբերում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կոնկրետ գործով որպես տուժող անցնող՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեվարված, ապա վերադարձված մի խումբ հայ զինծառայողների նախաքննական ցուցմունքներից որոշակի հատվածների հրապարակմանը:
Նման գործելակերպը, որպես հանրային ուղղորդված կարծիք ձևավորելուն ուղղված մանիպուլյացիոն հնարք, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով:
Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին:
Քրեական գործերով անցնող բոլոր անձանց, այդ թվում նաև դատավարության մասնակիցների շահերի պաշտպանության գործառույթ իրականացնող փաստաբան գործընկերներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նախքան անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալը, այլոց իրավունքների ոտնահարմանը, նրանց վերաբերյալ կանխակալ կարծիք ձևավորելը որպես պաշտպանական մարտավարության գործիք դարձնելուն ուղղված նմանատիպ գործելակերպից:
Հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում ենք խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը:
Միաժամանակ, վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել նման դեպքերը բացառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները»: