ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ 2022 թվականին Գավառում երիտասարդների տուն հիմնելու մասին: Կենտրոնը համայնքահեն ծառայություններ է տրամադրելու դեռահասներին և երիտասարդներին:
«Գավառում հարյուրավոր դեռահասներ և երիտասարդներ են ապրում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից, ում համար համայնքի զարգացմանը մասնակցելու և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու հնարավորություններ պետք է լինեն: Նրանք բոլորն ունեն անհրաժեշտ ստեղծարար միտք, ներուժ և խնդիրների լուծման հմտություններ և կարող են նպաստել Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այս երիտասարդների տան միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի նրանց, հատկապես ամենախոցելիներին և հաշմանդամություն ունեցողներին, օգտվելու համայնքային ծառայություններից և աջակցությունից, զարգացնելու կյանքի հմտություններ և ներուժ քաղաքացիական մասնակցության, նորարարության և ձեռներեցության ոլորտներում», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Առաջիկա վեց ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատելու է Գավառի քաղաքապետարանի, համայնքի երիտասարդների և գործընկերների հետ՝ վերանորոգելու և կահավորելու, ինչպես նաև կենտրոնը երեխաների, դեռահասների և երիտասարդների համար նախատեսված պարագաներով, զարգացնող խաղերով, ուսումնական և տեղեկատվական նյութերով համալրելու նպատակով: Էներգիայի խնայողություն ապահովելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտեղադրի արևային մարտկոցներ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ՝ երիտասարդներին և երիտասարդների տան ապագա աշխատակիցներին դեռահասների զարգացման, դեռահասների և երիտասարդների հետ աշխատելու և համայնքահեն երեխայակենտրոն ծառայություններ տրամադրելու գործում վերապատրաստելու նպատակով:
«Հուսով ենք, որ այս երիտասարդների տունը կընդլայնի Գավառի դեռահասների հնարավորությունները՝ իրենց համայնքի զարգացման գործում բովանդակալից մասնակցություն ունենալու, ինչպես նաև իրենց տեսակետներն ու կարծիքները բարձրաձայնելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ գործընկերների հետ միասին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը հարթակներ կստեղծի դեռահասների համար, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել իրենց փորձը, լուծումներ առաջարկեն և համատեղ գտնեն այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն նրանց սահուն անցում կատարել դեպի չափահասություն ու աշխատաշուկա»,- նշել է Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը:
Գավառի քաղաքապետարանն արդեն ընտրել է երիտասարդների տան մասնաշենքը՝ կից մանկապարտեզին, աջակցելու է վերանորոգման աշխատանքներին և կանաչապատելու է կենտրոնի շրջակայքը։ Հետագայում քաղաքապետարանը բյուջե կտրամադրի կենտրոնի ընթացիկ ծախսերը որպես համայնքահեն ծառայություն հոգալու համար, ներառյալ՝ աձնակազմի աշխատավարձերն ու կոմունալ ծառայությունները:
Արտակարգ իրավիճակների դեպքում երիտասարդների տունը պատրաստ կլինի նաև ծառայելու որպես անվտանգ, երեխաներին հարմարեցված անկյուն, որտեղ երեխաները, դեռահասները և երիտասարդները կկարողանան հոգեսոցիալական աջակցություն ստանալ: